«Եթե ԱԺ-ում շարունակելու են աշխատել նույն ոճով, ապա նոր ընտրությունների անհրաժեշտություն կլինի և շատ արագ կլինի». Սոֆյա Հովսեփյան

Նախընտրական քարոզարշավի սկզբում Արմավիր գյուղ կատարած այցի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն իրենց կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո բոլորին թվում էր, թե նա սպասում է ընտրությունների ավարտին, որպեսզի ակտիվ լծվի գերիներին հայրենիք վերադարձնելու գործին։ Ընտրություններից անցել է արդեն երեք ամիս և այս ընթացքում ոչ միայն գերիներին Հայաստան չեն վերադարձրել, այլև այդ խնդրի վերաբերյալ առհասարակ չեն խոսում։

«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.amը ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իր նախկին թիմակիցներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են լուծելու ռազմագերիների խնդիրը, և առհասարակ չի՞ կարծում, որ իշխանություններն այս հարցով անգործության են մատնված։

«Իրականում վերջին երկու ամսում ես այդ հարցում բավականին պասիվ եմ, քանի որ այս փուլում չեմ զբաղվում քաղաքական գործունեությամբ՝ չեմ միջամտում։ Միայն գիտեմ, որ աշխատանքներ են տարվում, փորձում են ինչ-որ լուծումներ գտնել, բայց քանի որ ռուսական կողմը բանակցությունների մեջ է, և լուծումներ չեն գտել՝ աշխատանքներ տարվում են։ Բայց թե ի՞նչ փուլում է և ի՞նչ աշխատանքներ են տարվում, որևէ տեղեկություն չեմ կարող տալ՝ չխանգարելու հանգամանքից ելնելով»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Անդրադառնալով նոր ձևավորված խորհրդարանին, Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ԱԺ աշխատանքներին քիչ է հետևում, քանի որ այն չի աշխատում և ամբողջ ընթացքում մեկը մյուսին վարկաբեկելով է զբաղված, որն իր համար այդքան էլ հաճելի չէ նայելը։

«Իհարկե, խորհրդարանի աշխատանքը համահունչ չէ երկրի խնդիրներին, մեր առջև ծառացած մարտահրավերներին։ Մեր առջև կան բազում խնդիրներ, և խորհրդարանը րոպե չպետք է կորցնի՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը պետք է լծվի բուն գործին, այդ թվում՝ գերիների հարցերի կարգավորման առումով։ Խորհրդարանն այս առումով շատ անելիքներ ունի, օրինակ, ԱԺ փոխնախագահի ընտրություններն օրեր տևեց, ինչն անթույլատրելի է մեր նման երկրի պայմաններում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ կցանկանա՞ր լիներ նոր խորհրդարանում, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ եթե ցանկանար՝ անպայման կլիներ, նման ցանկություն չի ունեցել, ավելին՝ ուրախ է, որ չկա։

«Եթե ԱԺ-ում շարունակելու են աշխատել նույն ոճով ու ոգով, այսինքն՝ այնպես, ինչպես մինչ այսօր են աշխատել, ապա նոր ընտրությունների անհրաժեշտություն կլինի և շատ արագ կլինի։ Իսկ եթե միմյանց անպատվելու փոխարեն՝ աշխատեն մեր երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ, ապա չեմ կարծում, որ նոր ընտրությունների կարիք կլինի։ Ինձ համար էական չէ, թե ովքեր են աշխատում, այլ էական է, որ աշխատեն։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դեռ միտք չունեն շտկելու մի շարք հարցեր»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է իր և նախկին թիմակիցների՝ ՔՊ-ականների հետ հարաբերություններին, Սոֆյա Հովսեփյանը նկատեց՝ առիթ չի ունեցել նրանց հետ շփվելու, բայց եթե իր խորհրդի կարիքն ունենան, բոլորն էլ իր տեղը գիտեն և գիտեն՝ որքան պատրաստակամ է, անկախ այն հանգամանքից, որ այլևս թիմակից չէ նրանց հետ, կօգնի հանուն Հայաստանի շահի։

Հարցին՝ գործադիրում աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում  կընդունի՞, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց՝ նայած, որ ոլորտում է և այդ ոլորտին որքանով է պետք։

«Շատ հարցերի չեմ նայում, իմ դիրքորոշումը որևէ կերպ չի փոխվում որևէ մեկի նկատմամբ, ես ունեմ հստակ դիրքորոշում և այն հայտնում եմ։ Բայց եթե իմ երկիրն ունի իմ ծառայության կարիքը, իմ ես-ը երբևէ առաջ չեմ դնի և կծառայեմ։ Այսօր էլ շատ հարցերի չեմ նայում, աշխատում եմ։ Այսինքն՝ եթե իմ նման ազնիվ ծառայողի կարիք իմ երկիրը զգում է՝ միշտ պատրաստ եմ ծառայել»,- ընդգծեց նա։

Խոսելով ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այս ամենը միանշանակ անընդունելի է, միջավայրում լրագրողների հայտնվելն աշխատանքին որևէ վտանգ չի ներկայացնում։

Տեսանյութեր

Լրահոս