Եվրախորհուրդը դատապարտել է Ստամբուլի դատարանի՝ Օսման Քավալայի դեմ կայացրած վճիռը
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սեպտեմեբրի 2-ին հրապարակված հայտարարության մեջ ԵԽ հանձնաժողովը ընդգծել է, որ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումներին ենթարկվելու պարտավորության խախտում է։
«Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Քավալան, ում տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաև՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հաուցված գործերով, արդեն 46 ամիս գտնվում է թուրքական բանտում։
Քավալան կալանավորվել է 2017 թվականին, իսկ 2019 թվականի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։
Սեպտեմբերի 2-ի ԵԽ հայտարարության մեջ նշվել է, որ գործարար Օսման Քավալայի կալանավորումը կամայականություն է և պահանջ է ներկայացվել՝ անհապաղ ազատ արձակելու նրան։ «Քավալան դատական համակարգի զոհ է, որին օգտագործում են՝ մարդու իրավունքների պաշտպաններին, փաստաբաններին ու լրագրողներին լռեցնելու համար», – ասված է հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կարող է հարուցվել։ Եվրախորհուրդը «խախտման գործընթացի» շրջանակներում կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական օրենքները խախտող երկրների դեմ։ Ուշագրավ է, որ մինչ օրս նման պատժամիջոց կիրառվել է միայն մեկ անգամ, այն էլ՝ Ադրբեջանի դեմ։