Բաժիններ՝

Բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակի շնորհիվ այս տարի Հայաստանից 9 երիտասարդ մագիստրոսական կրթություն կստանա Միացյալ Թագավորությունում

Սեպտեմբերին ինը հայ երիտասարդներ կմեկնեն Բրիտանիա՝ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրով անվճար մագիստրոսական կրթություն ստանալու բրիտանական լավագույն բուհերում: Այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանում Բրիտանիայի դեսպանատնից:

«Սեպտեմբերի 2-ին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված ինը «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2021-2022թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում: Դեսպանը նրանց հավաստագրեր է հանձնել և հաջողություններ մաղթել իրենց ուսման մեջ և նախաձեռնություններում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպանատնից մանրամասնում են, որ «Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցություն նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն  առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։

«1983 թվականից ի վեր «Չիվնինգի» շնորհիվ ամբողջ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 170 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ»,- հայտնում է դեսպանատունը:

2021-2022թթ․ «Չիվնինգ» կրթաթոշակառուներն են․

Առնոլդ Վարդանյան, Էդինբուրգի համալսարան, Մարդու իրավունքներ

Լիլիթ Պետրոսյան, Քուրին Մարիի Լոնդոնի համալսարան, Իրավագիտություն

Նունե Հարությունյան, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց, Զարգացման կառավարում

Արփինե Հարոյան, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց, Գենդեր, մեդիա և մշակույթ

Հեղինե Ղուկասյան, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Ռիսկ, աղետներ և դիմակայունություն

Սոնա Մատինյան, Լիդզի համալսարան, Բիզնես հոգեբանություն

Դավիթ Դադալյան, Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարան, Առողջապահական և սոցիալական խնամքի կառավարում և քաղաքականություն

Լուսինե Սնխչյան, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց, Կառավարում, ինֆորմացիոն համակարգեր և թվային

Հասմիկ Մովսեսյան, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Իրավագիտություն

Դեսպանատնից տեղեկացնում են, որ ներկայումս ընդունվում են հայտեր 2022-2023 ուստարվա համար։ Դիմումները կընդունվեն մինչեւ ս/թ նոյեմբերի 2-ը՝ www.chevening.org/apply կայքի միջոցով։

«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.chevening.org/apply կամ Բրիտանական դեսպանատան էջեր ֆեյսբուքում (@BritishEmbassyYerevan) և թվիթերում (@UKinArmenia)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս