Աղքատության ծայրահեղ աստիճան է. ընտանեկան ծախսերի 65 տոկոսը սնունդն է կազմում. Պողոսյան
Սպառողական ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ ընտանեկան ծախսերի մեջ սնունդը կազմում է մոտ 65 տոկոս, ինչը սարսափելի ցուցանիշ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
Եվրոպայում անթույլատրելի է, երբ այդ ցուցանիշը 30 տոկոսից ավել է լինում.
«Նշանակում է՝ եթե մարդն իր եկամուտների 30 տոկոսը ծախսում է սննդի վրա, ուրեմն դա աղքատության ծայրահեղ աստիճան է, իսկ մեզ մոտ այդ ցուցանիշը մոտ 60-65 տոկոս է։ Ընտանեկան ծախսերի այդ նույն ցուցակում գոյություն ունեն դեցիլային խմբեր, որի 90 տոկոսի մոտ մշակութային ծախսերը կազմում են 0 տոկոս։ Մինչդեռ մարդը չի ծնվել կոշիկ կամ բանջարեղեն սպառելու համար, մարդը ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար։ Ինչպե՞ս մարդը պետք է մեծանա այն ընտանիքում, որտեղ մշակութային ծախսերը 0 տոկոս են կազմում»,-ասաց Արմեն Պողոսյանը։
Վերջինս նկատեց՝ Հայաստանի սոցիալական բյուջեն կրկնակի մեծ է, քան բանակի բյուջեն, սակայն ըստ Արմեն Պողոսյանի՝ այդ միջոցները ճշգրիտ չեն ծախսվում։ Արմեն Պողոսյանը չի գտնում, որ թոշակի, նպաստի և մնացած օգնությունների տրամադրումը մեթոդապես և գործնականում ճիշտ է կատարվում։ Այդ ծրագրերը պետք է հասցեական լինեն, իսկ հասցեականությունը մարդկանց կարիքավորության աստիճանը ճշգրիտ որոշելն է։
Արմեն Պողոսյանը կարծում է, որ այդ օգնության ծավալը պետք է կրճատվի և փոխարենը հանրային ծառայությունների վճարների մասով կրճատում իրականացվի։ Ը
«Չկա այդպիսի մարդ, որ գազի, ջրի կամ հոսանքի գումար չվճարի։ Եթե այդտեղ զեղչեր անենք, դա ավելի առարկայական և նպատակահարմար կլինի։ Հանրային ծառայություններն ընտանեկան ծախսերի մինչև 25 տոկոսն են կազմում»,-ասաց Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքով հանրային ծառայություններից քիչ օգտվելը խոսում է այն մասին, որ մարդիկ վճարունակ չեն։ Արմեն Պողոսյանը նշեց, որ տարիներ առաջ մի սոցհարցման արդյունքում պարզել էին, որ մոտ 2 տոկոս մարդիկ նոյեմբեր ամսին 100 կիլովատից պակաս հոսանք են ծախսել։
«Դա նշանակում է, որ չեն ծախսել։ 100 կիլովատով հնարավոր չէ ապրել։ Ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց ինքնահոսի թողնել»,-նշեց Արմեն Պողոսյանը։
Վերջինս նշեց, որ քանի որ մարդու ծախսած հոսանքն ու ջուրն իր վճարունակության ամենաուղիղ ցուցանիշն են, ցանկանում է այդ վճարները նվազեցնելու առաջարկությամբ հանդես գալ, և այժմ էլ կառավարության հետ այդ թեմայով նամակագրության մեջ է։