«Համայնքապետերին բռնելու հարցը, ինձ թվում է՝ ինչ-որ մեկի նեղ անձնական ամբիցիաներն են․ մարդն ուղիղ տեքստով հայտարարել էր, որ որոշ համայնքապետեր պատասխան են տալու»

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանը հուլիսի 16-ից կալանավորված է: Առուշանյանի աջակցության նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, բժիշկ, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ունեն բոլոր հիմքերը՝ մտածելու, որ Առուշանյանի, ինչպես նաև Գորիսի փոխհամայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերն ունեն քաղաքական ենթատեքստ:

«Նախընտրական շրջանում՝ քարոզարշավի ժամանակ, վարչապետի ժ/պ-ն ասում էր, որ՝ «մի քանի համայնքապետեր, դուք ձեր հալը կտեսնեք և այլն, և այլն», և դրան հաջորդեցին, ըստ էության, այս ձերբակալությունները, որը հիմք է տալիս ասելու, որ այս ամեն ինչն ունի քաղաքական կոնտեքստ: Եթե մեկը հանդիսանում է X դաշինքի անդամ և որպես այդ դաշինքի թեկնածու՝ իրավունք ունի և պարտավոր է նաև քարոզչություն անել, և մյուսն էլ, ասենք, վարչապետի ժ/պ է և, օգտվելով այդ դիրքից, ինքն էլ է քարոզչություն անում, մի դեպքում դա նորմալ է ընկալվում, մյուս դեպքում դա սկսում է  շահարկվել: Այս ամենը տեսնելով, նաև վտանգները հասկանալով, ինքս Գորիսից եմ, մարդ, բժիշկ, որը մտահոգված է, որովհետև թշնամին 3 կողմից արդեն հասել է Գորիս: Փաստն այն է, որ մենք այս պահին Գորիսում սահմանագիծ ունենք, և ստեղծված խնդիրների պայմաններում գործող իշխանության քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը, ձերբակալելը և այդ մարդկանց փակելը, այս բարդ վիճակում, ըստ էության, խաթարելով քաղաքի, համայնքի կազմակերպչական աշխատանքները, լրացուցիչ ռիսկեր է պարունակում…

Կան ավելի գլոբալ խնդիրներ, իսկ համայնքապետերին բռնելու հարցը, ինձ թվում է՝ ինչ-որ մեկի նեղ անձնական ամբիցիաներն են, որովհետև ուղիղ տեքստով մարդը հայտարարել էր ընտրություններից առաջ, որ որոշ համայնքապետեր պատասխան են տալու: Այսինքն՝ ինքը դեռ իրավական գործընթացներ չարած, արդեն իսկ գնահատական է տալիս: Տրամաբանական է, չէ՞, որ իրավունք ունենք ենթադրելու, որ սա քաղաքական հետապնդում է: Ինձ թվում է՝ բոլոր հիմքերն ունենք այդպես մտածելու, որովհետև կոնկրետ մարդկանց նկատմամբ է դա»,- ասաց Զաքար Խոջաբաղյանը:

Նրա փոխանցմամբ՝ 10 օրվա ընթացքում հավաքել են Գորիսի մոտ 9400 բնակչի ստորագրություն՝ Առուշ Առուշանյանի կալանավորումը վերացնելու համար, և դա առաջիկայում ներկայացնելու են նաև դատարանում:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր են համարում աղմուկ բարձրացնելով՝ հասնել Առուշանյանի ազատությանը, Խոջաբաղյանն արձագանքեց.

«Գիտեք, թշնամին էստեղ է: Մեր խնդիրը աղմուկ բարձրացնելը չէ, մեր խնդիրը հարց լուծելն է… Ոչ ոք չի ասում՝ «եթե քրեական գործ կա, այդ գործի շրջանակում պետք չի արդարադատություն անել»: Թող անեն: Բայց ի՞նչ է նշանակում՝ վատ վիճակում հայտնված մարզի բոլոր համայնքապետերին՝ տեղակալներով, բռնում ես մի քանի ամսով այն դեպքում, երբ սահման է դարձել այդ տարածքը, ու խնդիրները բազմապատկվել են, այդ պայմաններում դու պարալիզացնում ես համայնքի կառավարումը»:

Առուշ Առուշանյանի պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ նշեց, թե հավաքված ստորագրությունների՝ օրեր անց դատարանում ներկայացնելն ու դրա գնահատական տալը դատարանի կողմից լինելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկի փորձությունը:

«Հաշված օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հետևյալ միտքը արտահայտեց, որ ՀՀ-ում գործադիր իշխանությունն արդարադատություն իրականացնող մարմիններին չի միջամտել և չի միջամտելու, բայց նաև դրան հավելեց հետևյալ միտքը, որ արդարադատություն իրականացնող մարմինները պարտավոր են ուղղակի հաշվի առնել ժողովրդի կարծիքը: Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստի ժամանակ, որովհետև առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, և այստեղ է, որ հենց այս ստվար հատորում ամփոփված է ժողովրդի կամքը, և այդ նույն արդարադատություն իրականացնող մարմինը, համաձայն վարչապետի խոսքերի, պարտավոր է սրա հետ հաշվի նստել»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ համաձայն են անազատության հետ չկապված ցանկացած խափանման միջոցի կիրառման:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

Տեսանյութեր

Լրահոս