Ինչո՞ւ չի հաջողվում Արցախի կարգավիճակի հարցը դարձնել բանակցային օրակարգ

Օրերս Մոսկվայում տեղի ունեցած Միրզոյան-Լավրով բանակցություններից հետո ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շեշտեց Արցախի կարգավիճակի խնդրի չկարգավորվածության և այն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կարգավորելու հայկական կողմի մտադրության մասին:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը շարունակում է մնալ բաց:

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը, որը խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում։ Նման կարգավորման հիմքում պետք է, առաջին հերթին, ընկած լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ բոլոր նախարարները՝ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո, խոսել են Արցախի կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտության մասին, սակայն ներկայիս փուլում այս հարցի հիշատակումն առավել կարևոր հարց է թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը քննարկումների ակտիվ օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիր կնքելու թեման ամբողջությամբ ադրբեջանամետ բովանդակությամբ: Տպավորություն է, թե, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը պետք է մշակի Բաքուն և ենթադրի միակողմանի զիջումներ Երևանից: Այս ֆոնին կարգավիճակի հարցի հիշատակումը կարևոր է, բայց բավարար չէ, այս ուղղությամբ պաշտոնական Երևանը պետք է համակարգային աշխատանք տանի՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս, որը չի երևում: Այս փուլում Նիկոլ Փաշինյանը նախընտրում է դրական ուղերձներ հղել Թուրքիային:

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտի հետ քննարկեցինք, թե որքա՞ն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի վերականգնման հնարավորությունը և դրա շրջանակում նաև կարգավիճակի հարցի քննարկումը:

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածության հարցի շուրջ կա կոնսենսուս Երևանի, Փարիզի և Վաշինգտոնի միջև, կոնսենսուսի շրջանակում է տեղավորվում գլխավորապես կարգավիճակի հարցը:

Սակայն, Ստյուարտի խոսքով, փոփոխված տարածաշրջանային իրավիճակում, տարածաշրջանային տերությունների փոփոխվող ազդեցությունների դեպքում չի հաջողվում վերականգնել ձևաչափը:

Ստյուարտն ասաց, որ վերջին շրջանում ռուսական դիվանագիտական ձևակերպումներում ևս նշմարվում է խոսակցություն հակամարտության կարգավորման մասին, սակայն իր վերջին ելույթում ՌԴ ԱԳ նախարարը հստակեցրեց, որ ոչ թե ինչ-որ գործընթաց պետք է վերսկսվի, այս դեպքում խոսքը ԵԱՀԿ ՄԽ-ի մասին էր, այլ պետք է կատարվեն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները: Սրանով, ըստ նրա, ՌԴ-ն հստակեցրեց, որ չնայած ԵԱՀԿ ՄԽ-ում նոր համանախագահ ունի, այդ ձևաչափում ակտիվ աշխատելն անիմաստ է համարում գոնե ներկայիս փուլում:

«ԵԱՀԿ ՄԽ վերակենդանացման հնարավորությունը թույլ է նաև այն պատճառով, որ Փարիզն ու Վաշինգտոնն իրենց աշխատանքի ոճը փոխում են, ըստ իրենց շահերի՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Եվ կարծես շտապողականություն չկա վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ երկրները հետաքրքրված են առավելապես առանձին «խաղով»: Ուստի ներկայումս չի հաջողվում արևմտյան դիվանագիտական ամենօրյա մասնակցությունը հարավկովկասյան իրադարձություններում դարձնել մշտական: Բայց հարկ է նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ոչ մի դերակատար չի մոռանում իր հայտարարություններում, բացի Ռուսաստանից, Ադրբեջանից իհարկե, ինչը կարելի է բացատրել:

Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, նպաստավոր իրավիճակում է ներկայումս՝ կողմերի միջև գլխավոր միջնորդի դերակատարությունն է ստանձնել, դեմ չէ նաև, որ դրան որոշակի մասնակցություն ունենա նաև Թուրքիան: Սա հզոր խաղաթուղթ է, դեռ կայուն ձևաչափեր, կարծում եմ, չկան՝ կարգավորելու համար այն խնդիրները, որոնք թողել է պատերազմը տարածաշրջանին: Կայունություն չկա, քանի որ հենց այս պահին էլ ինչ-որ բաներ փոխվում են տարածաշրջանի շուրջ, ուստի կողմերի շահերն ու բանակցային դիրքերն են փոխվում, լուրջ գործընթաց կա Ռուսաստանի և Թուրքիայի միջև ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում և այսօր՝ նաև Միջին Ասիայում: Այս ամենը չի կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և միջնորդների շահերի վրա»,- ասաց Ստյուարտը:

Վերջինիս կարծիքով, պաշտոնական Երևանի դիվանագիտական աշխատանքն այս ուղղությամբ չափազանց կարևոր է, քանի որ տարածաշրջանում այս հարցով հետաքրքրված միակ սուբյեկտը Երևանն է:

Նրա խոսքով, իհարկե, միջնորդների և կողմերի համար նպատակահարմար է, որպեսզի բանակցային գործընթացը ծավալվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ մի քանի տասնամյակ այդ դիվանագետների ձեռքում են բոլոր կարևոր փաստաթղթերը և առաջարկները, մշակված սկզբունքներ կան:

«Պատերազմը հարվածեց այդ ձևաչափի հեղինակությանը, բայց պետք է նաև հասկանալ, որ նման հակամարտությունները նման բարդ տարածաշրջաններում լուծվում են շատ ավելի երկար ժամանակահատվածում, ուստի միջնորդներին մեղադրել, թե ինչու չեն կարողացել առաջընթաց ապահովել, սխալ է: Միջնորդներին ինչ-որ հարցեր չի հաջողվել իսկապես լուծել, բայց ընդհանուր առմամբ ձախողումը շատ ավելի համակարգային հարց է, այս դեպքում պայմանավորված թե կողմերի, թե միջնորդների դիրքորոշումներով: Այս պահին եթե փորձենք ամրագրել իրավիճակը, հետևյալն է՝ կա Ռուսաստանի կողմից կարգավորվող գործընթաց, որին անուղղակիորեն մասնակցում է նաև Թուրքիան, բայց աշխատում են նաև արևմտյան երկրները և հատկապես Ֆրանսիան, որպեսզի կարգավիճակի հարցն ինչ-որ կերպ բարձրաձայնվի: Սակայն վերջնական որոշում, թե ինչ ձևաչափով և ինչպես այն կբարձրացվի, դեռ չկա, այս ուղղությամբ դեռ կարծես աշխատանքն ընթանում է»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս