Բաժիններ՝

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան․ խմբի երկու առաջատարների հանդիպումը

Այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին, Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։

Հյուսիսային Մակեդոնիա

«Կարմիր առյուծները» J խմբում երկրորդն են, որն անիրատեսական էր թվում, քանի որ մրցակիցները բավականին բարդ էին, և մանավանդ որ թիմն առաջին մենամարտն ավարտել էր  պարտությամբ: Ազգային հավաքականը պայքարեց մինչև վերջ և չհանձնվեց, սակայն վերջին խոսքը Ռումինիայինն էր (2:3): Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Լիխտենշտեյնի դեմ տնային մարզադաշտում, որն ավելի շատ նման էր մարզման, քան Աշխարհի առաջնության ընտրական փուլի: Թիմը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը (5:0): Հյուսիսային Մակեդոնիան իսկական սենսացիա արեց նախորդ խաղում, երբ Գերմանիայի հավաքականը պարտության մատնվեց (2:1): Այս դիմակայության գլխավոր հերոսները դարձան Գորան Պանդևը և Էլիֆ Էլմասը, քանի որ նրանք էին, որ երկու անգամ վշտացրեցին Մարկ-Անդրե Տեր Շտեգենին:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին նշում է, որ իր թիմը սերնդափոխություն է ապրում։ Բլագոյա Միլևսկին բարձր է գնահատել նաև Հայաստանի հավաքականին՝ նշելով, որ հայկական ընտրանու տարած երեք հաղթանակները խոսում են թիմի ուժի մասին։

Հայաստան

Խոակին Կապառոսի սաները երեք տուրից հետո անսպասելիորեն առաջինն են J խմբում: Թիմը ցույց տվեց 100% արդյունք և այժմ կփորձի բարձր պահել նշաձողը, քանի որ այժմ սկսվում է իսկական զվարճանքը: Հայաստանի հավաքականը գրագետ մոտեցեցավ Լիխտենշտեյնի հետ դիմակայությանը, որում 83-րդ րոպեին (1:0) ինքնագոլի շնորհիվ հաղթեց: Հաջորդ խաղը կարգով ավելի բարձր Իսլանդիայի հետ էր (2:0): Թիմը զգաց, որ կարող է շարունակել նույն տեմպով, մանավանդ որ երրորդ խաղն անցկացվեց Երևանի տնային մարզադաշտում: Ռումինիայի հետ խաղը շատ էմոցիոնալ ստացվեց, և Հայաստանի հավաքականը, պարտվելով 1։2 հաշվով, խաղի վերջնամասում կարողացավ 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը (3:2):

Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ հավաքականի հաղթած Ազգերի լիգայից հետո թիմի մոտ ձևավորվել  է հաղթողի հոգեբանություն։ «Դա փոխանցվեց արդեն որակավորման առաջին երեք խաղերին։ Թիմային խաղի որակը մեզ մոտ շատ է բարձրացել, և կարծում եմ, որ այն գնալով էլ ավելի կբարելավվի»։

Հենրիխը նշում է, որ իր բացակայության ընթացքում կային առանցքային ֆուտբոլիստներ, որոնք թիմին տարան իրենց հետևից և արդյունք ապահովեցին, ինչը շատ գովելի է։ «Հուսամ, որ մյուս խաղերին նույնպես դա կկրկնվի»։ Հենրիխի խոսքով՝ թիմում ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պիտի առաջատարի որակներ ունենան, այլ ամբողջ թիմը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի։ «Ցավոք, վաղվա խաղում մեր թիմից երեք առանցքային ֆուտբոլիստներ որակազրկման պատճառով հանդես չեն գա, սակայն վստահ եմ, որ նրանց փոխարինողները պատվով հանդես կգան և կօգնեն հավաքականին»։

Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշում է, որ մրցակիցն ունի նոր մարզիչ և երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն թիմի մեծ մասը հանդես է եկել Եվրոյի ժամանակ։ «Այդ թիմն ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել մեծ մրցաշարերին»։

Գլխավոր մարզիչը վստահ է, որ Հենրիխ Մխիթարյանը շատ կօգնի հավաքականին, քանի որ նա շատ մեծ տաղանդ ունի և կօգտագործի ադ տաղանդը իր հայրենիքի համար։

Խոակին Կապառոսի խոսքով՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղը կտրուկ փոփոխության կենթարկվի։ Նրանք իրենց զինանոցում տարբեր խաղաոճեր ունեն։ «Սակայն, անկախ դրանից, մենք մրցում ենք բավական բարձր մակարդակ ունեցող թիմի հետ»։

Հյուսիսային Մակեդոնիան պարտվեց վերջին երեք խաղերը Եվրոյում, չնայած լավ տպավորություն թողեց: Ազգային հավաքականը նպատակ ունի նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր և առայժմ ընթանում է ճիշտ ուղղությամբ:

Երկար ժամանակ մենք չէինք տեսել Հայաստանի կողմից կատարված այսպիսի բարձրակարգ խաղ, որը հնարավոր ամեն ինչ արեց J խմբի առաջին հորիզոնականում լինելու համար: Խոակին Կապառոսի սաները դեռ չեն հանդիպել գերմանացիներին այս ընտրական փուլում, բայց հիմա գլխավորը՝ կենտրոնանալ Մակեդոնիայի վրա և մնալ առաջատարի դիրքում։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս