Թուրքիայում պեղումներ են սկսվել աշխարհի հնագույն բնակավայրերից մեկում
Թուրքիայի Հասանքեյֆ հին քաղաքում, որը գտնվում է երկրի հարավարեւելյան Բաթմանի նահանգում, սկսվել են հնագիտական պեղումներ: Գիտնականների նպատակն է՝ ավելի շատ բան իմանալ այդ վայրի մասին, որը համարվում է աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Այդ մասին հաղորդել է Daily Sabah-ը։
Աշխատանքները ղեկավարում է Զեքայ Էրդալը, որը Մարդինի համալսարանի գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դոցենտ է: Թիմի հետ միասին նա ձեռնամուխ է եղել 12-հազարամյա պատմություն ունեցող տեղանքի պեղումների երրորդ փուլին (առաջին հնագիտական աշխատանքներն այստեղ սկսվել են դեռ 1980-ական թվականներին):
Էրդալի խոսքով՝ պեղումներն սկսվել են հռոմեական ժամանակաշրջանի կայազորային կառույցի ներսի Հասանքեյֆի դղյակում, ինչպես նաեւ գերեզմանատան տարածքի արեւելյան մասում: Գիտնականը նշել է, որ գործընկերների հետ միասին ձգտել են հայտնաբերել ռազմական կառույցի փաստական սահմանները, որն անցյալում կոչվել է Մեծ պալատ:
«Հասանքեյֆի դղյակը հարկ է որպես մի ամբողջություն դիտարկել հարթավայրի եւ դրա շուրջ շինությունների հետ միասին: Այն զբաղեցնում է 110 հազար քառակուսի մետր տարածք»,-մեկնաբանել է Զեքայ Էրդալը:
Հնագետը նշել է, որ Հասանքեյֆի դղյակում ամենակարեւոր հուշարձանը «գաղտնի դարպասներն» են, որոնց նմանը հազվադեպ կարելի է հանդիպել Թուրքիայում: Դրանք անցում են բացել դեպի հարթավայր եւ պահպանվել մինչեւ մեր օրերը: Էրդալի խոսքով՝ դրանց օգնությամբ կառավարող դինաստիայի անդամները, կարեւոր դեմքերը եւ սպասավորները կարող էին տարհանվել ասպատակությունների կամ հարձակումների ժամանակ:
Զեքայ Էրդալը պատմել է, որ քաղաքը, որն ընկած է Տիգրիս գետի ափին, գտնվում է կարեւոր տարանցիկ երթուղում: Ուստի նա չի զարմացել, երբ այստեղ հայտնաբերել է դամբանաթումբեր՝ նոր քարե դարի ժամանակաշրջանի հին մարդկանց մնացորդներով: Իսկ դարի կեսերին քաղաքը եւ դղյակը եղել են առեւտրի կենտրոններ՝ հարմար աշխարհագրական դիրքի շնորհիվ:
Բայց գիիտնականները պետք է բացահայտեն բավականին շատ գաղտնիքներ, որոնք կապված են այդ հին քաղաքի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: