«Չեմ կարող հիմա ասել, բայց Ադրբեջանի հետ բացարձակ ոչ մի կապ չունեն». Վահան Քերոբյանը՝ վառելիքի շուկայում նոր ներդրողի մասին

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է  60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչելու հարցը, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Օգոստոսի 27-ի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Թեև նախարարը չէր բացել փակագծերը, թե ովքեր են ներդրողները, այդուամենայնիվ  մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այս նախագծի հետևում կանգնած է գործարար Դավիդ Յակոբաշվիլին: Գործարարը ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»-ը և  զբաղվում է բեռնափոխադրումներով։

Նշվում էր, որ վառելիքի շուկայում վրաց գործարարի գործընկերն ադրբեջանական «Socar»-ն է՝ Ալիևների կլանին պատկանող նավթային ընկերությունը։

Լրատվամիջոցներից մեկը, ի դեպ, ողջամիտ կասկածներ էր հայտնել , որ ի դեմս Յակոբաշվիլու՝ Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»-ը՝ դրանից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետևանքներով։

168.am-ը երեկ մի քանի փորձից հետո, ի վերջո, կարողացավ այս թեմային առնչվող հարցեր ուղղել էկոնոմիկայի նախարարին:

Պարո՛ն նախարար, ապագա  ներդրողի անունը կապում են ադրբեջանական ընկերության հետ:

– Սո՛ւտ է:

– Ովքե՞ր են, անուն-ազգանուն կասե՞ք, ներդրողներն ովքե՞ր են:

– Չեմ կարող հիմա ասել, բայց Ադրբեջանի հետ բացարձակ ոչ մի կապ չունեն:

– Իսկ 60 միլիոնանոց ներդրումային այդ ցանցն արդյո՞ք մոնոպոլ դիրքեր չի ունենա Հայաստանում:

– Իհա՛րկե ոչ. դրա համար գոյություն ունի ՏՄՊՊՀ-ն, որը, բնականաբար, հետևելու է նրան, որպեսզի շուկայում մրցակցությունը չխաթարվի: Եվ,  իհարկե, եթե որևիցե կասկած լինի, որ նման ռիսկեր կան, ՏՄՊՊՀ-ն համապատասխան սահմանափակումները կարող է կիրառել:

– Ե՞րբ հայտնի կդառնա ներդրողի անունը:

– Ինձ թվում է՝ հենց ՏՄՊՊՀ-ն թույլտվություն տա այդ ընկերությանն աշխատել, այդ ինֆորմացիան արդեն հասանելի կդառնա բոլորին:

Տեսանյութեր

Լրահոս