ՊՇՌ թեստը չի կարող անվճար լինել, դա մարդու որոշումն է, ուզենա՝ կհանձնի, կուզենա՝ ոչ, և մենք որպես այլընտրանք՝ առաջարկում ենք պատվաստվել. ԱՆ խոսնակ
Նախորդ շաբաթ գրել էինք, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար: Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է և առաջիկա օրերին առկա 15000 դեղաչափը կլինի և՛ տարածքային պոլիկլինիկաներում, և՛ շարժական պատվաստումային կետերում:
Ինչ վերաբերում է «Սինոֆարմ»-ին, ապա Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս պատվաստանյութն արդեն բաշխված է:
Անդրադառնալով հարցին, թե այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, կարևորում են, որպեսզի ՊՇՌ թեստ հանձնելը ևս դառնա անվճար, հնարավո՞ր է, որ նախարարությունը նման որոշում կայացնի, ԱՆ մամլո խոսնակը պատասխանեց.
«Թեստը չի կարող անվճար լինել, դա մարդու որոշումն է, ուզենա՝ կհանձնի, կուզենա՝ ոչ, և մենք որպես այլընտրանք՝ առաջարկում ենք պատվաստվել»:
Խոսելով հակացուցումների մասին՝ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ եթե կան հակացուցումներ՝ պետք չէ պատվաստվել, սակայն թեստ պետք է հանձնել:
Հավելենք, որ բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը տրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից (պոլիկլինիկա, ամբուլատորիա)՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։