
«Օգոստոսի 24-ին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում». Էրիկ Ալեքսանյան

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում արդեն իսկ հրապարակվել է այն տեղեկատվությունը, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, այսօր ստացել եմ վերջինիս թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ նշվածի կապակցությամբ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Չարչյանի՝ քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխվելու լուրերին՝ ասաց պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց, և նրա նկատմամբ կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։
«Ավելին՝ հենց 24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանը նշում է՝ ներկա պահին պրոֆեսորի առողջական վիճակը վատ է։
«Այսօր ստացել եմ համապատասխան էպիկրիզը, որը մուտքագրելու եմ վաղը առավոտյան դատարան և ևս մեկ անգամ միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու մասին, քանզի Ա․Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձնական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր»,- եզրափակեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանը: