«Եկա Եռաբլուր, տեսա՝ որդուս նկարը գետնին․ ծաղիկները ձեռքիցս ընկան, ոտքերս թուլացան»․ հերոսի հայրը որդու շիրմաքարը քանդված է գտել

«Այս տարվա հունվարի 31-ին՝ Նարեկիս «ուվալնյատի» օրը, իրա հուղարկավորությունն եմ արել, որ ինքը այդ օրը տանը պետք է լիներ»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նարեկ Գևորգյանի հայրը՝ Ռոման Գևորգյանը, որը նախորդ գիշեր Եռաբլուրում որդու գերեզմանը քանդված էր հայտնաբերել։

Նրա խոսքով՝ դեռ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ է ցույց տվել շիրմաքարի նախագիծը, և որևէ դժգոհություն կամ առարկություն չի եղել․

«Նախարարը համաձայնվավ, ասաց՝ Ռոման ջան, չեմ ուզում ասեմ՝ սիրուն, որովհետև ջահել ա մեր հերոսը, բայց շատ նորմալ բան ես վերցրել․․․ Այդ քարերը բերեցի ու սկսեցի երեխուս շիրիմը սարքել։ Դրանից հետո որոշում դուրս եկավ, նախարարը կանչեց, ասեց՝ պետք է փոխվի։ Գծագիրը տվեցի, ասացի՝ արդեն սարքել ենք, որ պետք է փոխվեր, այն ժամանակ ասեիք՝ պետք է փոխվի, Ռոման ջան, ծախս մի արա, ոչ մի բան մի արա, սաղ միանման է լինելու»։

Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, բոլորովին վերջերս՝ օգոստոսի 19-ին, զոհված զինծառայողի հայրը հանդիպել է Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հետ, տեղեկացրել, որ համապատասխան որոշում է եղել, և, որ շիրմաքարն արդեն սարքել է․

«Հետո ասացի՝ օգոստոսի 23-ին երեխուս ծնունդն է, 21-ամյակն է, մնացել է սալիկները խփեմ, ասաց՝ Ռոման ջան, գնա սալիկները խփի։ Ես իրեն էլ ասացի՝ եթե սաղ միանման է լինելու, ես իմ ձեռքերով այդ սյուները կհանեմ․․․ Համաձայնվեցինք, որ, եթե սաղ միանման սպիտակ քար է լինելու՝ ես հանելու եմ սյուները, եթե տարբեր քարեր են լինելու՝ ուրեմն սա էլ կտարբերվի․․․»։

Զոհված հերոսի հայրը պատմեց, որ որդու ծննդյան օրը Եռաբլուրում են եղել նաև ՊՆ գեներալներ, խունկ են ծխել: Այդ ժամանակ չէր էլ պատկերացնի, որ մի քանի օր հետո, իրենցից թաքուն, որդու շիրմաքարը կապամոնտաժեն․

«Երեկ երեկոյան ընկերս զանգեց, ասեց՝ ուզում ենք գնանք մեր հերոսի, մեր Նարեկի շիրիմին խունկ ծխենք, ուզում ենք՝ մեր հետ լինես, ասացի՝ կգամ։ Եկանք հասանք այս ճամփի վրա, ընկերս ձեռքը դրեց գլխին, ասաց՝ ո՞ւր ա երեխու քարը, ես չպատկերացրի, առաջ եկա, մեկ էլ տենամ՝ նկարն ընկած գետնին, ձեռքիցս ծաղիկներն ընկան, ոտքերս թուլացան, ասացի՝ էս ի՞նչ ա կատարվում, էս ի՞նչ են անում, երեխուս չեն թողնում հանգիստ մնա, գիշերով սրբապղծություն են անում․․․»։

Զոհված Նարեկ Գևորգյանի հարազատները, որ այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում, քանի որ, ինչպես իրենց հայտնել էին, թե ՊՆ-ից ասել են, որ վարչապետի հրամանով են Եռաբլուրում գերեզմանաքարերն ապամոնտաժվում, որպեսզի միանման գերեզմանաքարեր տեղադրվեն: Հետո պարզել են, որ նման հրաման չի եղել․

«Ինձ այսօր կանչել են Ազգային անվտանգության ծառայություն․․․ ԱԱԾ-ն հիմա զբաղվում է այս հարցով․ ես ասում եմ՝ ԱԱԾ տնօրենի բերնի խոսքերը, որ էս սրբապղծություն է, ով արել է՝ պատասխան է տալու․․․»։

Նարեկ Գևորգյանը Երևանից էր, զորակոչվել էր 2019 թվականին, 3 ամիս էր մնացել զորացրվելուն, սակայն հոկտեմբերի 7-ին հերոսաբար զոհվել է Մեխակավանում (Ջաբրայիլ)։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս