Չստացվեց. 168.am-ի դեմ դատական հայցեր ներկայացրած անձը չի նշանակվել բաղձալի պաշտոնում

168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել էր Շիրակի մարզի Կադաստրի նախկին պետ Արայիկ Առաքելյանին, ով, ի դեպ, մի անհաջող փորձից հետո կրկին իր հովանավորների միջոցով ցանկանում էր վերադառնալ իր նախկին պաշտոնին:

Խիստ տարօրինակ էր, իհարկե, որ պետությանը մեծ վնասներ պատճառած անձին ոչ միայն կասկածելի հիմքերով թույլատրել են մասնակցել մրցույթին, այլև վերջինս հաղթահարել էր մրցույթի թե գրավոր, թե բանավոր փուլը, և մնում էր մի փոքր մանրուք ընդամենը, որպեսզի վերջինս վերադառնար իր նախկին պաշտոնին՝ վերադասի կողմից հրաման:

Ի դեպ, Շիրակի մարզի Աշոցքի երկու համայնքներին ահռելի վնասներ հասցրած ու ապօրինի հարստացած սույն անձը դեռ չի էլ բարեհաճել վերադարձնել համայնքներին պատճառած վնասը:

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ նախկին այս պաշտոնյայի քրեական գործերի մասին մանրամասնորեն գրել ենք,  և դրանք վերաբերում են Շիրակի մարզի Ցողամարգ և Մուսայելյան համայնքներին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները պաշտոնական դիրքի չարաշահմամբ չնչին գումարով վարձակալելուն ու մեծ գումարներով բջջային կապի  օպերատորներին ենթավարձակալության հանձնելուն։ Այս առնչությամբ մենք ունեինք նաև Գլխավոր դատախազության գրությունը՝ ի պատասխան մեր հարցման:

Ինչևէ, 168.am-ի տեղեկություններով՝ մրցույթի 11 մասնակիցներից 3-ի կազմում նախ գրավոր փուլը, ապա նաև բանավոր փուլը հաղթահարած Արայիկ Առաքելյանը, ով բաղձալի պաշտոնին հասնելու համար մեր լրատվամիջոցի դեմ զրպարտության ու վիրավորանքի երկու հայց է ներկայացրել՝ ըստ երևույթին այդ կերպ փորձելով չեզոքացնել մեր ուշադրությունն իր գործունեության նկատմամբ, այդպես էլ չի նշանակվել իր երազած ու դրան հասնելու համար այնքան ջանքեր գործադրած պաշտոնում:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Շիրակի մարզի կադաստրի պետի պաշտոնում նշանակվել է Սերգեյ Սարգսյան անուն-ազգանունով անձը:

Դե, իսկ Արայիկ Առաքելյանի հետ կհանդիպենք դատարանում, ուր մեծ հետաքրքրությամբ կլսենք, թե հատկապես որ հարցում ենք զրպարտել Արայիկ Առաքելյանին ու վիրավորել նրա նուրբ էությունը:

Տեսանյութեր

Լրահոս