Արցախի հարցում ես ռևանշիստ եմ, ինչի՞ եք վախենում էդ բառից. Էդուարդ Շարմազանով

«Ընդդիմադիր ուժերը պետք է ունենան լիդեր: Լիդերները պետք է պայքարեն, այլ ոչ թե հովհարային անջատումներով պայքարեն: Ես լիդերի հավակնություն չունեմ: Ես ընդդիմադիր գործիչ եմ, բայց ես չեմ հավակնում պետության առաջնորդի դերին: Ով հավակնում է, նա պետք է առաջնորդի»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իր համար էական չէ՝ նոր ուժեր կգա՞ն, թե՞ կլինի հին առաջնորդ. կարևորը, որ լինի ազգային առաջնորդ:

Նա պնդում է, որ Հայաստանում երկու ուղղության կողմնակիցներ կան: Մի ուղղության կողմնակիցները պնդում են, որ Հայաստանը պետք է լինի ազգային պետություն, իսկ մյուս ուղղության ներկայացուցիչներն այս իշխանություններն են, ովքեր համարում են, որ ազգայինը պետք է լինի երկրորդական, էական չէ՝ Արցախը մե՞րն է, թե՞ ոչ, կարևորը՝ ճանապարհները բացվեն, թուրքերը գնան-գան, փողը գա, ու իրենք լավ ապրեն:

«Իրենք ռևանշիստ բառից վախենում են: Ինչի՞ եք վախենում «ռևանշիստ» բառից: Այո, ես Արցախի ու հայկական հարցում ռևանշիստ եմ: Ես երբեք չեմ համակերպվելու Շուշիի ու Հադրութի կորստի, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հետ կանգնելու հետ: Ազգը պետք է ունենա տեսլական ու երազանք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստին հայկական տեղանուններն ադրբեջանական անվանումներով ասելու փաստին:

«Մարդը կանգնում հայկական տեղանուններն ադրբեջաներեն է անվանում, որ Ալիևին ու Էրդողանին դուր գա»,- տարակուսեց Շարմազանովը:

Նա կոչ արեց բոլոր այն մարդկանց, ում համար Հայաստանը հայրենիք է, բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

«30 տարի Հայաստանում եղել է հայ ժողովրդի ոսկեդարը: Մենք ունեցել ենք 2 հայկական պետություն: Հայաստանն ուժի և դիվանագիտական հաջողությունների դիրքերից է խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մենք թուրքից հող ենք ազատագրել: Եվ այո, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Բակո Սահակյանը, Սեյրան Օհանյանը, Ասկոլկա Աշոտը, Դուշման Վարդանը հերոսներ են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ մի ղեկավար, ով ասում է՝ Ադրբեջանը կառուցողական է, Թուրքիայից դրական ազդակներ կան, ԱԺ-ում Շուշին ու Հադրութը հրաժարվում է օկուպացված համարել, նա իրավունք ունի՞ այս ազգն առաջնորդելու:

«75 տոկոսն Արցախի տվել եք: Ձեր փեշակը Յոզեֆ Գեբելսի ժառանգությունն է: Ավելի մեծ սուտ եք ասում, որ անցնի ձերը: Նույնիսկ ձեր կառուցողական ընկեր Ալիևն է ասում՝ իրենից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Բա որ մեր բանակը զենք չուներ, ո՞նց էր Ալիևը պատերազմի ժամանակ ասում՝ 2 միլիարդի զենքը հայերին որտեղի՞ց»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա վստահ է՝ այսօր այս կապիտուլյանտ իշխանությունը՝ իր բոլոր թևերով հանդերձ, իրականացնում է Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու գործընթացը, ու բոլոր նրանք, ովքեր աջակցում են այս ծրագրին, պատմության մեջ մնալու են՝ որպես թուրքահպատակ գործիչներ:

Տեսանյութեր

Լրահոս