![](/banners/BeFunky-design.jpg)
«Պատվաստվելուց հետո վարակվելու ռիսկը պահպանվում է, ունենք մի քանի տասնյակ վարակման դեպքեր». Անահիտ Ավանեսյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/Anahit-Avanesyan.jpg)
«Դիմակների կրման ռեժիմի պահպանման առումով վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական տեղաշարժ ունենք, բայց դա դեռ այն իրավիճակը չէ, որը ցանկալի է, և որը պետք է լինի». այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ հանրային տրանսպորտում կարգի պահպանման ցածր ցուցանիշ ունենք, ինչը բարդացնում է իրավիճակը:
«Իրավիճակը դեռ կառավարելի է, թվերը դեռ ահագնացող չեն, բայց անընդհատ աճի տեմպը պահպանվում է: Երբ վարակը դուրս է գալիս կառավարման շրջանակներից, շատ ավելի բարդ միջոցառումներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու առումով»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը Կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից գործելու են սահմանափակումներ, բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն լինի, 2 շաբաթը մեկ անգամ պետք է ներկայացնեն կովիդ թեստի բացասական պատասխան: Ավանեսյանի խոսքով՝ պատվաստվել ցանկացողների թիվն ավելացել է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կա՞ն պատվաստումներից հետո վարակման դեպքեր:
«Այո, ունենք մի քանի տասնյակ վարակման դեպքեր, իրականացրել ենք 267 հազար պատվաստում, դրա շրջանակներում մի քանի տասնյակ դեպքեր ունենք, որ քաղաքացիները վարակվել են, բայց նաև ունենք, որ շատ ավելի մեղմ է ընթացել հիվանդությունը նրանց մոտ: Ծանր դեպքեր, կարելի է ասել, չենք ունեցել: Պատվաստվելուց հետո վարակվելու ռիսկը պահպանվում է, բայց վարակվելու դեպքում ծանր և ծայրահեղ ծանր տանելու ռիսկը շատ-շատ նվազ է»,- ասաց Ավանեսյանը և ավելացրեց, որ հոսպիտալացվածների 99 տոկոսը չպատվաստվածներն են: