Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցին ներկայացել էր բավական ագրեսիվ տրամադրվածությամբ

«Հարցի, կոնկրետ հենց այս իրավիճակի հասցեատերերը, իհարկե, Արտաքին գործերի նախարարությունն է, մեր ռազմական գերատեսչություններն են, բայց կարող եմ ասել՝ բազմիցս վարչապետը նշել է դելիմիտացիայի և դեմարկացիայի, այդ սահմանազատման խնդիրները: Առանց այդ խնդիրների լուծման՝ իրավաբանական արձագանք տալ ձեր հարցին, կարծում եմ, տեղին չի լինի, և հետևաբար՝ ես հիմա չեմ կարող արձագանքել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակին, Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանցիների ներխուժմանն ու դրա հետ կապված՝ իրավական գործընթացներին:

Հարցին՝ ինչո՞ւ 30 տարի այդ հարցը չէր բարձրացվում, որ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի մի հատված կա, որ ադրբեջանցիներինն է, որովհետև հիմա եթե Հայաստանն այդ ճանապարհը տալիս է, ստացվում է, որ ինքն ագրեսոր է եղել, ուրիշի ճանապարհ է վերցրել, արդարադատության նախարարը պատասխանեց՝ չբարձրացնողներին պետք է տաք էդ հարցը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն սխա՞լ են արել, որ չեն տվել, նախարարը, հավանաբար հասկանալով, որ նախորդ պատասխանից հետո երևի թե կրկին խոսնակի պարզաբանելու անհրաժեշտությունը կծագի, տվեց խուսափողական պատասխան:

«Նորից եմ ասում, արտաքին քաղաքականության և ռազմական հարցերի մասին արդարադատության նախարարին հարցեր եք ուղղում: Ես ասացի՝ որպեսզի հարցը գա իրավական դաշտ, պետք է լինեն սահմազատման և սահմանագծման որոշակի աշխատանքներ, դրանք պետք է լինեն իրավական որոշակի գործընթացներով, իսկ քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել, մնացած բոլոր հարցերն իմ տիրույթից դուրս են»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ քաղաքացիներն ազատ տեղաշարժի խնդիրներ ունեն ու ըստ էության հայտնվել են շրջափակման մեջ, արդյո՞ք արդարադատության նախարարը մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ չի տեսնում, և ի՞նչ է անում այդ առնչությամբ կառավարությունը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ մեր մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում հարևան Ադրբեջանի քաղաքականության պատճառով, և դրա մասին բարձրաձայնել են և մեր կառավարությունը, և նախկին կառավարությունները:

«Ցավում եմ, որ գործընթացները չեն գալիս այն բանին, որ մեր հարևան պետության հետ այնպիսի իրավական գործընթացներ տեղի ունենան, որ մեր հարևան պետության պատճառով մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն»,- ասաց նախարարը՝ մեկ նախադասության մեջ Ադրբեջանի առնչությամբ 3 անգամ գործածելով «հարևան» որոշիչը:

Ճեպազրույցի ավարտին Կարեն Անդրեասյանը նշված հարցերը բարձրացնող  «Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանին մեղադրեց քաղաքական հայտարարություններ անելու մեջ:

«Կարծում եմ՝ մեր հարցազրույցը վերածվեց Ձեր քաղաքական հայտարարություններին: Ես Ձեր քաղաքական հայտարարությունների հետ համաձայն չեմ: Հայաստանի կառավարությունն անում է լավագույնը ստեղծված իրավիճակում: Եվ ես կարծում եմ, որ եթե ուզում եք քաղաքական հայտարարություններ հնչեցնել ու քաղաքականությամբ զբաղվել, դա Ձեր իրավունքն է, բայց ես Ձեզ հետ քաղաքական բանավեճերի մասնակցելու ցանկություն չունեմ»,- ասաց նախարարը:

Արդարադատության նախարարը կրկին նկատեց, որ այս ոլորտը գտնվում է Պաշտպանության նախարարության ու Արտաքին գործերի նախարարությունների տիրույթում:

«Եվ ես խորհուրդ կտամ մեր այլ պետական կառույցներին, որոշակի իրավապաշտպաններին, այլ մարդկանց, ովքեր իրական անելիք այստեղ դեռևս չունեն, համբերությամբ լցվենք, վստահենք մեր այն պրոֆեսիոնալ գործընկերներին, որոնք աշխատում են: Հենց որ մեր գերատեսչության իրավասությունների շրջան կգա այս հարցը, մենք պատրաստ ենք: Բնականաբար, սա մեր առաջնահերթ խնդիրն է, մեզ մտահոգող ցավոտ խնդիրներից է, և մենք պատրաստ ենք աշխատել»,- ասաց արդարադատության նախարարը:

Կարեն Անդրեասյանը, ով ժամանակին ՄԻՊ է եղել, իսկ դրանից առաջ էլ հանդես է եկել մեդիայի ազատության կարևորության մասին հայտարարություններով ու հրապարակումներով, ակնհայտ անհանդուրժողական վերաբերմունք էր ցուցաբերում լրագրողների նկատմամբ, հեգնում նրանց՝ իրեն հարց տվող Yerevan.today-ի լրագրողի հարցին, օրինակ, արձագանքելով՝ Դուք ավարտեցի՞ք Ձեր ելույթը…

«Ես Ձեր երկրորդ ելույթն էլ լսեցի և կարող եմ ասել, որ Արդարադատության նախարարությունը զբաղվում է իր գործառույթներով: Այստեղ հնչեցին քաղաքական գնահատականներ լրագրողական հարցի անվան տակ, որոնց հետ ես համաձայն չեմ… Լրագրողներից այլ հարցեր կա՞ն, ոչ քաղաքական գործիչներից»,- իր ճեպազրույցն այսպես եզրափակեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Տեսանյութեր

Լրահոս