«ԵԿՄ-ն հիմա ծառայություն չի իրականացնում, բայց պատրաստ է առաջին հրահանգի դեպքում դուրս գալ սահման»․ Սասուն Միքայելյան
«Մենք մեր բոլոր գործողությունները Պաշտպանության նախարարության հետ համագործակցված ենք անում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին։
Սասուն Միքայելյանին հարցրեցինք նաև, թե արդյո՞ք այս պահին ԵԿՄ-ն զորք ունի սահմանում․
«ԵԿՄ-ն հիմա ծառայություն չի իրականացնում, բայց պատրաստ է առաջին հրահանգի դեպքում, երբ ՊՆ-ն հրաման տա՝ դուրս գա սահման։ Դուք գիտեք, որ սեպտեմբերի 27-ից մինչև մեկուկես ամիս առաջ ԵԿՄ-ն եղել է դիրքերում մինչև հիմա»։
Հարցին՝ ԵԿՄ-ն մայիսի 12-ին դիրքերո՞ւմ էր, երբ թշնամին առաջացավ և տեղակայվեց ՀՀ տարածքում, Սասուն Միքայելյանը պատասխանեց․
«Երբ մենք դիրքերում ենք եղել, թշնամին առաջ չի եկել։ Մենք դրանից առաջ մի ամիս դիրքերում չենք եղել ու հիմա՝ մեկուկես ամիս դիրքերում չենք եղել»։
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում բարեփոխումներին, իշխանության ծրագրերին ու պարբերաբար հնչեցվող մտքերին՝ Սասուն Միքայելյանն ասաց․
«Մեր բանակը պետք վերականգնվի ու վերականգնվում է, փառք Աստծո, այսօրվա Պաշտպանության նախարարը շատ խիստ է դրել ամեն ինչը։ Կարճ ժամանակ է, որ նախարար է, նորմալ ցուցումներ է տվել, ուզում է կարգուկանոն հաստատել բանակում, և ես համոզված եմ, որ կհաստատի»։
Սասուն Միքայելյանին այլ հարցեր ևս ունեինք, բայց նա այս պահին չցանկացավ պատասխանել դրանց՝ խոստանալով առաջիկայում անպայման անդրադառնալ նաև մեզ և հանրությանը հետաքրքրող հարցերին։