92 քաղաքացի է գրանցվել ՃՈ խախտումներն արձանագրող բջջային հավելվածից օգտվելու համար
ՀՀ կառավարության 2020թ․ հունիսի 11-ի որոշմամբ 2021թ․ հուլիսի 1-ից քաղաքացիներին հնարավորություն է տրվել բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և համապատասխան ծրագրով ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե մինչև օրս քանի՞ քաղաքացի է գրանցվել www.activesociety.am կայքում։
Քանի՞ խախտում են արձանագրել քաղաքացիները, դրանցից քանիսի՞ նկատմամբ է վարչական տույժ կիրառվել։
Արդյոք կա՞ն քաղաքացիներ, որոնք դատական կարգով բողոքարկել են, եթե այո, նշեք՝ քանիսն են։
Ստորև ներկայացնում ենքն ՀՀ ոստիկանության պատասխանը․
«ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված Ձեր հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ 2021 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ «Road Control Armenia» բջջային հավելվածից օգտվելու համար համակարգում գրանցվել է 92 անձ, այդ հավելվածով արձանագրվել և ուղարկվել է 118 նյութ, որոնցից 28-ն իրավախախտում արձանագրելու համար համարվել է պիտանի։
Ստացված նյութերի հիման վրա դեռևս վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ չեն կայացվել»։