Խաչատուր Սուքիասյանին հարցրեք՝ ծննդյանս օրը Ալեն Սիմոնյանին նվերով ուղարկե՞լ է տանս մոտ. Արմեն Աշոտյան
«Ես երբեք սրա մասին չեմ խոսել, բայց անբարոյականությունն էլ չափ ունի, քաղաքական շահն էլ: Այսօր Խաչատուր Սուքիասյանն ասում է՝ Սերժ Սարգսյանի կաբինետի վրա գրված էր՝ «ՀՀ նախագահ», դրա համար էի ես իմ հարցերով այնտեղ դիմում»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված հայտարարություններին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Կրթության և գիտության նախկին նախարարը լրագրողներին խնդրեց Խաչատուր Սուքիասյանին տեսնելիս նրան ուղղել հետևյալ հարցերը.
«Դիմե՞լ ես Սերժ Սարգսյանին անձնական խնդրանքով, որը գտնվել է Արմեն Աշոտյանի՝ այն ժամանակվա պաշտոնեական լիազորությունների տիրույթում: Հետո քեզ ուղարկե՞լ են Աշոտյանի մոտ, որ էդ խնդրովդ զբաղվի: Հետո Արմեն Աշոտյանը օգնե՞լ է քեզ օրենքի շրջանակներում, որ էդ հարցդ լուծվի: Հետո դու շնորհակալ եղե՞լ ես: Հետո հրավիրե՞լ ես ինձ ձեր տուն հաց ուտելու: Հետո ինձ նվեր տվե՞լ ես, մեծ, լավ նկար: Ի դեպ, այդ նկարը ես վերանվիրել եմ Մայր եկեղեցուն, որովհետև ռուս նկարչի կտավ էր, ու եկեղեցի էր պատկերված: Հետո մենք ընկերություն արե՞լ ենք: Հետո դու ինձ քո մեքենայով Մելիք-Ադամյան 2 իջեցրե՞լ ես: Իսկ Սերժ Սարգսյանի կենացները խմո՞ւմ էիր, ոչ միայն իմ, լիքը մարդկանց ներկայությամբ: Իսկ Նիկոլին էդ ժամանակ փնովո՞ւմ էիր, պարոն Սուքիասյան: Իսկ Ալեն Սիմոնյանին ծննդյանս օրը իմ «պադյեզդի» մոտ նվերով ուղարկո՞ւմ էիր: Ուրիշ բան չմտածեք, վերնաշապիկ ու փողկապ էր, երկուսն էլ, պարոն Սուքիասյան, կներեք, դուրս չէր եկել, վերանվիրել եմ»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ սա մի փոքր մասն է իր հետ կապվածի, որոնց պատասխանները, հույս ունի՝ Խաչատուր Սուքիասյանը կտա:
«Խաչատուր Սուքիասյանը՝ «երևանցի՞…»: Մարզաբնակ մեր բնակիչներին խնդրում եմ՝ Խաչատուր Սուքիասյանի կերպարով պատկերացում չկազմել: Մենք շատ ավելի լավն ենք, շատ ավելի շնորհակալ ու ոչ երախտամոռ»,- ասաց Արմեն Աշոտյանը: