Այո, ասել եմ՝ չեմ հարցնում ոչ մեկիդ կարծիքը և կայացնում եմ որոշումը․ Փաշինյանը՝ նոյեմբերի 9-ի որոշման մասին
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այո, շատերը տեղյակ չեն եղել, և շատերն են տեղյակ եղել». այսօր ԱԺ-ում, անդրադառնալով նոյեմբերի 9-ի՝ ընդդիմության բնորոշմամբ, կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանն ու այն պնդումներին, թե այդ թուղթը ստորագրվել է գաղտնի, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ձեզ ասել, որ ես, այո, այդ օրը կայացրել եմ որոշում և ինձ վրա եմ վերցրել պատասխանատվություն, և ինձ համար ամենամեծ շոկը նախընտրական քարոզարշավի ժամանակ էն էր, երբ մարդիկ, հիմնականում կանայք, իհարկե, մոտենում էին ինձ և շնորհակալություն էին հայտնում, որ ես այդ թուղթը ստորագրել եմ: Ես հասկանում եմ՝ այդ թուղթն ինչ է: Այո, գործընկերներ կան, որ ներկա են եղել, ասել եմ՝ ես չեմ հարցնում ոչ մեկիդ կարծիքը, ես այս որոշումը կայացնում եմ և իմ վրա եմ վերցնում այդ որոշման ամբողջ պատասխանատվությունը, որովհետև գալիս են պահեր, երբ պետք է կայացնել որոշում և պետք է կայացնել միանձնյա որոշում, այդ թվում՝ ուրիշներին այդ որոշման պատասխանատվությունից պաշտպանելու համար, ես ինձ վրա եմ վերցրել և վերցնում եմ ամբողջ պատասխանատվությունը:
Ասում են՝ հոկտեմբերի 9-ին զինադադարի հնարավորություն և այլն, հա, ներողություն, հոկտեմբերի 19-ին, ասում են՝ էլի ոչ մեկը տեղյակ չի եղել, այդ օրը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, այդ թվում՝ այստեղ նստած մարդիկ ներկա են եղել, հրավիրել եմ, ասել եմ՝ ես այսպիսի որոշում եմ կայացրել, չեմ հրավիրել ձեզ, որ ինձ հետ կիսեք պատասխանատվությունը, հրավիրել եմ, որ տեղյակ լինեք, որ ես նման որոշում եմ կայացրել, բայց չի կայացել դա, որովհետև եղած պայմաններին ավելացել են հավելյալ պայմաններ, և դա ես կարող եմ ապացուցել, ուղղակի այն նյութը, որն ապացուցման է, քննիչ հանձնաժողով կստեղծվի, այդ նյութերը լրիվ կտրամադրենք, կուսումնասիրվի, իզուր է այդ ամեն ինչը նորից դրվում շրջանառության մեջ»: