Միջազգային ասպարեզում երկիրն օբյեկտի եք վերածել, դո՞ւք եք խաղաղություն հաստատողը. Աղվան Վարդանյան

«Նվազագույն կոնկրետություն, պարտավորությունների անորոշություն, քաղաքացիներին մոլորեցնելու անսահման հնարավորություն»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես բնորոշեց կառավարության ծրագիրը՝ նշելով, որ վտանգավոր գաղափարներին առանձին կանդրադառնա։

Դիմելով իշխանական պատգամավորներին՝ Վարդանյանն ասաց, որ նրանք իրենց բնույթով կառուցող չեն, և, որ իշխանության քայլերն ու մոտեցումները հակապետական են․

«Ձեր իշխանության 3 տարիներն ասվածի վկայությունն են՝ Արցախի հարցում, հանրային հարաբերություններում, արտաքին քաղաքականության մեջ։ Այս 3 տարիներին ինչ հայտարարել եք՝ 90%-ով հակառակն եք արել, երկիրը տարել եք խայտառակ պարտության, միտումնավո՞ր, թե՞ ոչ՝ կպարզվի, ողբերգական կորուստներ եք բերել, ձախողել եք բոլոր ոլորտները, քայքայել եք բանակը, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ կազմաքանդել եք պետությունը»։

Աղվան Վարդանյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի թշնամական վերաբերմունքը երկրի երեք նախկին ղեկավարների հանդեպ հակապետական մտածողության ցուցիչ է, ապա հավելեց․

«Հայաստանի ինքնիշխանությունը վտանգել եք, երկրի սահմանները չեք կարողանում պաշտպանել, միջազգային ասպարեզում պետությունն օբյեկտի եք վերածել, դո՞ւք եք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու, հետո՞ ինչ, որ ելույթում փառաբանում եք Պուտինին, Մակրոնին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին․․․»։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ը բացահայտելու՝ իշխանությունների հայտարարություններին, պատգամավորը շեշտեց.

«Գործի ամբողջ նախաքննությունը վարել է իմ և ձեր սիրելի Գագիկ Ջհանգիրյանը, վարչապետը՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի եղբայրն էր, դատախազը՝ նրա մանկության ընկերը, բացահայտեի՛ք, հիմա՛ բացահայտեք, հետո ո՞վ էր այստեղից մի լուսավոր, անկախ պատգամավորի ուղարկել ԱԱԾ՝ Նաիրի Հունանյանի խուց, համագործակցության առաջարկով և թելադրություն գրելու․․․»։

Ավարտելով ելույթը՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց՝ մեկ մարդու իշխանությունը, անկախ նրանից, թե ով է, միշտ դատապարտված է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս