«Հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել»․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադառնալով մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչների գործողություններին և հետևանքներին, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ի՞նչ է սպասվում տուժած գյուղացիներին, որոնք զրկվել են  անասուններից։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ են վնասվել, ենթակառուցվածքներ են վնասվել, և երբ խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, խոսում ենք ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին․․․ Եթե ուզում եք իմանալ, թե մենք ինչպես ենք վերաբերվում մարդկային գույքային վնասները վերականգնելուն, այդ թվում՝ նաև պարտավորությանը, խնդրում եմ այցելեք Տավուշի մարզի Այգեպար գյուղ, որը 30 տարի անընդհատ եղել է գնդակոծությունների ներքո, և դուք այսօր գյուղը կգտնեք բոլորովին ուրիշ մի իրավիճակում։ Կտեսնեք, որ բոլոր ճանապարհներն ասֆալտապատված են, համենայնդեպս վատ վիճակում գտնվող տանիք չկա․ նույն գործընթացը պիտի իրականացնենք մեր բոլոր բնակավայրերում․․․»։

Արձագանքելով հնչած պատասխանին՝ Թագուհի Թովմասյանը  նաև հարցրեց, թե երբեմնի լրագրողն ինչպե՞ս է վերաբերվում Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը սահմանափակող որոշումներին։

«Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված մենք կոնկրետ առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով կսահմանենք ինստիտուտ, երբ լրագրողնեն իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ մշակեն և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը, բայց մենք նաև շատ աննախադեպ իրավիճակներ ունենք և հենց այսօր էլ Ազգային ժողովում շատ աննախադեպ իրավիճակներ ունենք, և կառավարությունը ստիպված է և պետք է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով։ Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն և հստակ լինի՝ որևէ լրագրող լրագրողական գործունեությա՞մբ է զբաղվում, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի կամ խմբակցության ներկայացուցիչ է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս