Աննա Մկրտչյանի խոսքը չավարտված՝ իրարանցում սկսվեց ԱԺ նիստերի դահլիճում. Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝  ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը, ապա դիմելով Փաշինյանին՝ ասաց․

«Ուզում եմ փաստել, որ այդ ահաբեկիչ Ալիևը զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչն իրենցն է, և ՀՀ իշխանությունները խելոք, սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթուղթը, մեր կողմից որևէ արձագանք չկա, և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչին, որպեսզի պայթեցնի այդ ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»։

Աննա Մկրտչյանը դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացրեց, թե ինչ է կատարվում Ազգային ժողովի նիստերի դահլիճում․

«Հարգելի հայրենակիցներ, իհարկե, ձեզ որևէ կերպ հնարավորություն ընձեռված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում, ուզում եմ ձեզ դրա մասին պատմել։ Այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել «ախրաննիկներ», որոնք երբևէ չեն մտել Ազգային ժողով․․․»։

Աննա Մկրտչյանի այս խոսքից հետո ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը թեժացավ, Ալեն Սիմոնյանը նախ հանձնարարեց անջատել պատգամավորի բարձրախոսը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրեն ուղղված հարց չի հնչել, և  արձագանքելու անհրաժեշտություն չկա։

Իսկ երբ դահլիճում իրավիճակն  ավելի թեժացավ, երբ ԱԺ նիստերի դահլիճում հնչեց կապիտուլյանտը բառը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց Աննա Մկրտչյանին դուրս գալ դահլիճից, հակառակ դեպքում կհրավիրի անվտանգության աշխատակիցներին, քիչ անց դահլիճ մտան անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, փորձեցին բռնի ուժ կիրառելով դուրս հրավիրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորին: Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս