«Նիկոլ Փաշինյանին մի բան կասեմ՝ տիրություն անեն ինձ, կամ էլ գան, սաղ հանձնեմ, ռադ լինեմ այս երկրից»․ Իջևանի Դենդրոպարկի տնօրեն

Իջևանի Դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանն արդեն մեկ շաբաթ ահազանգում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ մասնավորապես, նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ապօրինաբար ստիպում են իրեն հրաժարվել վարձակալած տարածքից՝ Իջևանի դենդրոպարկից, որի հիմնադիրներից, ի դեպ, Մեխակ Սայադյանի հայրն է եղել՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, Իջևանի պատվավոր քաղաքացի Լյուդվիգ Սայադյանը:

168.am-ի հետ զրույցում Դենդրոպարկի տնօրենն ասաց.

«Այս ամբողջ արշավն իմ դեմ սկսվել է 2020 թվականի ամռանից, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։ Հենց եկել է, անմիջապես դա է եղել էդ մարդու գործը․․․ Այդ մարդն ինձ չի ընդունել, անընդհատ հրահանգել է, որ ինձ ասեն՝ դիմում գրեմ, ռադ լինեմ։ Արդեն տարիուկես է, անընդհատ կծում, կծում, կծում, այ մարդ, ի՞նչ եք ուզում ինձից»,- ասաց Սայադյանը։

Իսկ ո՞րն է նման որոշում կայացնելու դրդապատճառը, և ինչի՞ց է սկսվել իր դեմ արշավը, հարցրեցինք մեր զրուցակցին.

«Չեմ հասկանում, թե ինչից է։ Ճիշտն ասած՝ լսել էի, որ ինչ-որ բաներ են ուզում անել, բայց չէի հավատում, որովհետև Նիկոլ Փաշինյանի հետ թաղի կապով ենք եղել, ընկեր Փաշինյանը մեր ուսուցիչներից է եղել, խնջույքի ընկեր ենք եղել, իմ աներոջ մորաքրոջ ընտանիքն է, կինս շատ ոգևորված էր, որ՝ այսպես անենք, այնպես անենք․․․

Նախարարությունից ինֆորմացիա դուրս եկավ, որ մեր հողերից ուզում են վարձակալեն, ձիարշավարան սարքեն։ Ես այդ ժամանակ թարսվեցի իրենց հետ, իհարկե, շատ կոպիտ չէ, բայց քննադատական, դե դրսում էլ մարդկանց մեջ, միգուցե, կոպիտ եմ արտահայտվել, իրենք էլ են իմ մասին կոպիտ արտահայտվել․ արդեն տրամադրությունս ընկավ, թե այս ի՞նչ է կատարվում չորս կողմս, իմ թիկունքում․․․»։

Մեխակ Սայադյանը հիշում է՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր ժամանակն անցկացրել այգում՝ թե երիտասարդ տարիներին, թե վարչապետ դառնալուց հետո․

«Երեխա ժամանակ էլ է եկել, Իջևանի բոլոր ջահելներն էլ եկել են, և այս վերջում էլ ինքը եկավ, իր աչքով տեսավ։ Ես և՛ իր եղբայրների, և՛ իր ընկերների հետ նորմալ հարաբերություններ ունեմ, ուղղակի չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանին միայն մի բան կասեմ՝ տիրություն անեն ինձ, տիրություն անեն, կամ էլ գան, սաղ հանձնեմ, ռադ լինեմ այս երկրից, լավ գործն անպատիժ չի մնում։ Միայն տիրություն անեն ինձ, որպես ծանոթ, որպես իջևանցի, որպես լավագույն ծառագետ, իմ ասելիքը միայն դա է․․․»։

Մեխակ Սայադյանը պատմեց, որ Իջևանի դենդրոպարկում մեծ գումար են ներդրել, 2 տուն է վաճառել, 2 ավտոմեքենա, և նախարարությունն այսօր նման փաստի առաջ է կանգնեցնում իրեն․

«Մինիմում 1.5 միլիարդի ներդրում եմ արել, ամեն տարի 25.000, 30.000 դոլար ներդրում ենք արել, տնկիներ ենք գնել, աշխատողներին ենք վճարել։ Եթե ուզում են՝ հրաժարվենք վարձակալությունից, պետք է այդ գումարը փոխհատուցեն»։

Մեխակ Սայադյանն անդրադառնալով նախարարության վերջին գործողություններին, պատմեց նաև, որ երբ իրեն ազատել են Իջևանի դենդրոպարկի տնօրենի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակել են այգու անտառաճանաչ պահակին, ապա հնչեցրեց իր ահազանգը կատարվածի վերաբերյալ.

«Դիմում եմ՝ ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, վարչապետին, ԱԱԾ-ին, ոստիկանությանը, ՄԻՊ-ին, Սահմանադրական դատարանին, ԲԴԽ-ին, Տավուշի մարզպետին, Բնապահպանության տեսչությանը, Արդարադատության նախարարությանը։ Հարգելի՛ ղեկավարություն, Իջևանի ծառայգու և ընտանիքիս հանդեպ իրականացվում են ոտնձգություններ և անօրինականություններ․․․»։

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Տեսանյութեր

Լրահոս