Բաժիններ՝

Մարտական հենակետում մահացած Գոռ Սահակյանին վաղը վերջին հրաժեշտը կտան

Օգոստոսի 19-ի գիշերը մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած երեք զինծառայողներից 19-ամյա Գոռ Արտակի Սահակյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր, 2021 թվականի առաջին զորակոչով էր մեկնել ծառայության:

Դիլիջանի համյանքապետարանի լրատվական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ Գոռը տան փոքրն էր, ունի իրենից ավագ եղբայր․

«Գոռն ապրում էր ծնողների և եղբոր հետ։ Չափից դուրս խելացի տղա էր, շատ զուսպ էր, հանգիստ, հավասարակշռված, շատ համեստ էր, ոչ մի ավելորդ բան թույլ չէր տա իրեն։ Գոռը դպրոցում շատ լավ էր սովորում, ավարտելուց հետո ընդունվել և սովորում էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում․․․ Շատ ցավալի է, մենք չէինք պատկերացնի, որ իր հետ կապված նման բան կարող էր լինել»։

Գոռի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը, մեզ փոխանցեցին համայնքապետարանի լրատվական ծառայությունից․

«Հուղարկավորությունը լինելու է Դիլիջանում՝ նույն տեղում, որտեղ թաղված են 44-օրյա պատերազմում զոհված տղաները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս