«Փառք ու պատիվ Ձեր բոլոր անցավորաց… բայց այս հռետորաբանությունն ԱԺ պատգամավորների հետ անընդունելի է». Հայկ Մամիջանյանը՝ Կարեն Սարգսյանին

Քիչ առաջ 64 կողմ ձայներով Սևանից ջրառի ծավալներն ավելացնելու՝ կառավարության բերած օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները:

Մինչ այդ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արդեն իսկ հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ելույթներ նույնպես այդ տրամաբանության մեջ էին:

Եզրափակիչ ելույթի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, փոխանակ բովանդակային կերպով անդրադառնալու իր ընդդիմախոսների կողմից հնչեցված հարցերին, ԱԺ ամբիոնից սկսեց խիստ քաղաքական ելույթ ունենալ՝ այն համեմելով հոխորտանքներով ու առհասարակ տղայական պահվածքով, ամբիոնից լեզվակռվի մեջ մտնելով ԱԺ պատգամավորների հետ:

Կարեն Սարգսյանի պահվածքն ակնհայտորեն դուր չեկավ նաև նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանին, ով նրանից պահանջեց տեղից չխոսել:

Կարեն Սարգսյանի ելույթին վարման կարգով արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները՝ հիշեցնելով, որ ի տարբերություն Սարգսյանի, իրենք առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմնի ներկայացուցիչներ են:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նիստը նախագահողին խնդրեց Կարեն Սարգսյանին ծանոթացնել, թե ինչ ոճով ու ինչ հռետորաբանությամբ են խոսում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ, որովհետև խոսքը գնում է առաջնային մանդատ կրող միակ մարմնի մասին:

«Փառք ու պատիվ Ձեր բոլոր անցավորաց, որոնք զոհված են մեր հայրենիքի պաշտպանության ընթացքում: Այդ հարցը չի էլ քննարկվել, ու այն ոչ ոք կասկածի տակ չի էլ դնում, բայց այս հռետորաբանությունն ԱԺ պատգամավորների հետ անընդունելի է»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ դիմելով Կարեն Սարգսյանին, ով իր եզրափակիչ ելույթի ժամանակ թվարկեց՝ ինչ կորուստներ է ունեցել Արցախյան ազատամարտերի ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս