Ըստ «քո Նիկոլի»՝ ինչքա՞ն փող եք վերցնելու Սևանի ջրառից. Աննա Մկրտչյանը՝ կառավարությանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ցանկացած օրինական և անօրինական, հնարավոր և անհնարին ձևով միտում կա, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճ չբերվի այն ճշմարությունը, որը գոյություն ունի ԱԺ նիստերի դահլիճից դուրս։

Ըստ Մկրտչյանի՝ այս ամենին մեծապես նպաստում է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը․

«Ես, իհարկե, կարող եմ ըմբռնումով մոտենալ այս պահին նիստը վարողի այս գործելաոճին, հիմք ընդունելով 2 հանգամանք՝ կամ պետք  է բոլոր հնարավոր ձևերով իրեն և բոլորիս հայտնի ձայնային հաղորդագրություններով կառավարվող համակարգով ապահովի, այսպես ասած՝ իրենց պատկերացրած մթնոլորտն այս դահլիճում և շարունակի, օրինակ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովում, օդում պտտվող լուրերի համաձայն՝ այն նախագծերի ներկայացումը, որը կոնկրետ ինչ-որ անձանց շահերին է ուղղված՝ շահումով խաղերի կամ բուքմեյքերական որոշակի ընկերությունների շահերի առաջմղումն այս դահլիճում, որը կարող է, ենթադրում եմ՝ ուղղորդվել նաև թանկարժեք նվերներով։

Երկրորդ հավանական վարքագիծը նա է, որ ուղղակի չի ենթարկվում իրեն ուղարկված ձայնային հաղորդագրություններին և արժանանում է մեզ բոլորիս հայտնի «Օմեգա»-ի ճակատագրին։

Անդրադառնալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակը սահմանել մինչև 245 մլն խմ, Աննա Մկրտչյանը շեշտեց, որ կարևոր է հասկանալ, թե այն մարդիկ, որոնք այս նախաձեռնության հեղինակներն են, ինչ կարծիք են ունեցել մինչև իշխանության գալը և դրանից հետո, ապա ուղիղ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

«Սևանից ջուր բաց թողնելը փող աշխատելու միջոց է․․․ 1 սանտիմետր ջրից 1 միլիոն դոլար գումար են աշխատում,- ասաց Մկրտչյանը ապա ավելացրեց,- Ըստ էության Սևանից ջուր բաց թողնելը դիտարկվում է՝ բացառապես որպես անօրինական փող աշխատելու միջոց։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս փող աշխատելու միջոցն է շարունակվում, որովհետև ձեր փողը պակասե՞լ է, թե՞․․․ Մի հանճարեղ բացահայտում էլ կա, ասվում էր՝ «2018 թվականից առաջ Սևանից այնքան է բաց թողնվել, որ տպավորություն է, թե ընդհանրապես ձյուն և անձրև Հայաստանում երբևէ չի եկել»։ Հիմա ի՞նչ է ստացվում, որ 2018-ից հետո էլ ձյուն ու անձրև չի՞ եկել»,- փոխանցեց պատգամավորը։

Ապա ամփոփելով ելույթը՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ այս 2 պնդումներն արել է մի մարդ, որը սոցիալական ցանցերում շատ ակտիվ է և այդ էջի միջոցով է նաև եկել իշխանության և իր մակագրություններում մակագրվում է՝ «Քո Նիկոլ»․

«Հիմա ըստ «Քո Նիկոլ»-ի՝ դուք ինչքա՞ն փող եք վերցնելու Սևանի ջրառից․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս