«Ադրբեջանցիները կրակել են սարին մոտիկ տների, շտապ օգնության մեքենայի վրա»․ Կութի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմեցին երեկ գիշերն իրենց գյուղի ուղղությամբ թշնամու իրականացրած սադրիչ գործողությունների մասին։
«Մեր առօրյա գործերով էինք զբաղված, 14 տարեկան տղես էլ հորթերին տարել էր գետի մոտ, որ կրակոցների ձայները լսել էր, արագ բերել էր։ Դա ժամը 18։30-19։00 հատվածում էր, հետո գնալով կրակոցներն ուժեղացան, մինչև 23։30 կրակել են։ Գյուղացիներից մի քանիսն այդ պահին բարձրանալուց են եղել խոտհարքերը, որ քաղած խոտը բերեն անասունների համար, բայց կրակոցները որ սկսվել են, թողել փախել են․․․ Քիչ ավելի ուշ տեսանք, որ 2 հատ շտապ օգնության մեքենա եկավ գյուղ, իմացանք, որ ադրբեջանցիները կրակել են նաև շտապ օգնության մեքենայի վրա»,- պատմեց Կութի բնակիչը։
Երիտասարդ կնոջ խոսքով՝ թշնամին այս անգամ թիրախավորել է նաև մի քանի տներ և կրակ բացել դրանց վրա․
«Մեզանից վերև տներ կան, որ սարին մոտիկ են, իրենք վարդենիսցիներ են, սար են գալիս այստեղ, իրենց տների վրա էլ են կրակել․․․ Մի խոսքով՝ երեկ ահավոր լարված էր»։
Կութեցի կնոջից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենք նկատե՞լ են թշնամու ԱԹՍ-ները։
«Ճիշտն ասած, ես չեմ տեսել, քանի որ երեխեքիս հետ փակվել էի տանը, բայց հարևանները տեսել են։ Սրանից 3 օր առաջ ենք նկատել ԱԹՍ, հենց մեր գյուղի վերևում էր, լույսը տեսանք, հետո կարմիր լույս վառվեց, ֆռաց գնաց, էլ չտեսանք՝ ուր գնաց, ինչ եղավ․․․»,- ասաց Կութի բնակիչը, ապա հավելեց, որ ուշ ժամի ռուսական զորքերը մի քանի մեքենայով ժամանել են Կութ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով 19-ամյա զինծառայող է զոհվել. ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Երեկ երեկոյան 168.am-ին ահազանգած Սոթքի բնակիչները նաև տեսանյութ էին տրամադրել, որտեղ երևում են թշնամու ԱԹՍ-ները: