«Ադրբեջանցիները կրակել են գյուղի վրա. պատրոնները հասել են մեզ…». Կութի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: Գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինտենսիվ կրակոցները կեսգիշերից հետո են միայն դադարել. «Շատ ուժեղ կրակոցներ էին, եթե նախկինում միայն դիրքերի ուղղությամբ էին կրակում, երեկ գյուղն էլ էին թիրախավորել, բայց հիմա իրավիճակը հանգիստ է»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ կրակել են տների՞ ուղղությամբ, Սիմա Չիտչյանը պատասխանեց.
«Դե կրակել են, էլի, որ պատրոնները հասել են մեզ…»:
Ինչ վերաբերում է թշնամու ԱԹՍ-ներին, որոնք երեկ պտտվում էին Սոթքի, Կութի, Վարդենիսի երկնքում, Կութի գյուղապետն ասաց, որ անձամբ չի տեսել, ամբողջ գիշեր գյուղապետարանում է եղել, բայց լսել է, որ Սոթքից պարզ երևացել են թշնամու անօդաչու թռչող սարքերը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի հատվածում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով 19-ամյա զինծառայող է զոհվել. ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Երեկ երեկոյան 168.am-ին ահազանգած Սոթքի բնակիչները նաև տեսանյութ էին տրամադրել, որտեղ երևում են թշնամու ԱԹՍ-ները: