«Մի հատ գռռոց եկավ ու շենքը սկսեց ցնցվել»․ ուժգին երկրաշարժը զգացվել է Ամասիայում և Աշոցքում
«Մեզ մոտ երկրաշարժը զգացվել է ու լավ է զգացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ուժգին ցնցումները գրանցվել են 3։30-4։00-ի սահմաններում։
«Բավականին ուժեղ ցնցումներ էին, ցնցումը ձայնով զգացինք, մի հատ գռռոց եկավ ու շենքը սկսեց ցնցվել։ Մեր տունը երկրորդ հարկում է, անձամբ ցնցումը զգացել եմ, ձայնն էլ լսելի էր։ Ջահերը շարժվում էին, առաջինը դրանից ենք զգում․․․ Ամասիայում մի շենք ունենք, որ չորրորդ կարգի վթարային է, այդ շենքի բնակիչները գիշերը դուրս էին եկել, ես անհանգստացած էի, որ հանկարծ այդ շենքը չփլվի, այն էլ զանգել եմ, ասացին՝ բան չի եղել»,- պատմեց համայնքի ղեկավարը, ապա հավելեց, որ տուժածներ չկան։
Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում ևս ուժգին ցնցումներ են գրանցվել․
«Երեք ցնցում է եղել, բայց լուսադեմին բավականին ուժեղ էր, 5 բալից ավելի կլիներ։ Մարդիկ չեն էլ հասցրել շենքից դուրս գալ, մոտ 6-7 վայրկյան էր այդ ցնցման պահը։ Շենքերն ահավոր ցնցվել են, բայց, բարեբախտաբար, տուժածներ չկան»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ: