«Ես որևէ պատճառ չունեմ մեր խմբակցության որևէ անդամի չվստահելու կամ նրանց դիրքորոշման վրա կասկածելու». Իշխան Սաղաթելյան
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ:
Եվ թեպետ հաղորդագրության մեջ նշված չէր՝ ո՞ր խմբակցությունն է ներկայացնում Զեմֆիրա Միրզոևան, տեղեկացնենք, որ նա ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ է, որ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է օրենքով նախատեսված ազգային փոքրամասնությունների քվոտայով:
Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանը պատգամավորին հորդորել է ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում: Միրզոևան էլ, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել էր, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:
ԱԺ-ից հայտնել էին նաև, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին և անհրաժեշտության դեպքում դրանց տալու օրենսդրական լուծում:
Այս տեղեկությունը, թերևս, ուշադրություն չէր գրավի, քանի որ երեկ ԱԺ-ից պարբերաբար լուսանկարներ ու ռելիզներ էին տարածվում Ալեն Սիմոնյանի ու ազգային փոքրամասնությունների քվոտայով պատգամավոր դարձած անձանց մասնակցությամբ, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք:
Հայտնի է, որ Ազգային ժողովում ուժերի դասավորվածության այս հարաբերակցության պայմաններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը 1 ձայն է պակասում, որպեսզի վերջինս կարողանա կատարել Սահմանադրության փոփոխություն, և ըստ համառորեն տարածվող լուրերի՝ նրանք հույս ունեն այդ 1 ձայնի պակասը չեզոքացնել հենց Զեմֆիրա Միրզոևայի օգնությամբ:
168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նախ ասաց, որ խմբակցությունում տեղյակ են եղել, որ Զեմֆիրա Միրզոևան հանդիպելու է Ալեն Սիմոնյանի հետ, սակայն բացառեց, որ իշխանությունների փորձը՝ նշված պատգամավորին «Հայաստան» խմբակցությունից հանելու, կարող է պսակվել հաջողությամբ:
«Ես որևէ պատճառ չունեմ մեր խմբակցության որևէ անդամի չվստահելու կամ նրանց դիրքորոշման վրա կասկածելու: Եվ ընդհանրապես, խմբակցության ներսում միմյանց նկատմամբ խորը վստահություն կա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: