«Իմ դեմքը մի՛ պատռեք պաստառից, դավաճանների դեմքը պատռեք»․ Անդրեն՝ իր համերգի պաստառը վնասելու մասին

Երգիչ Անդրեն ուղիղ եթերում անդրադարձել է Ստեփանակերտում իր պաստառները պատռելու գործողություններին և որոշ պարզաբանումներ տվել։ Երգչի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ստեփանակերտում պատռում էին իր պաստառները, ու դրա մասին տեղեկություններն ու տեսանյութը արագ տարածվում էր համացանցում, ինքն  Արցախում նկարահանումների էր:  Նկարում էին «Արցախ, ցավդ տանեմ» երգի տեսահոլովակը, և միայն երեկոյան, երբ քաղաք է հասել՝ իմացել է կատարվածի մասին։

«Էլի եմ ասել, որ դա համերգ չի․․․ Ես Արցախի կողքին էի ամեն ձև, Հայաստանին է պետք օգնություն՝ ես Հայաստանի կողքին եմ, և միշտ իմ ազգի, իմ ժողովրդի կողքին եմ․․․ Ես եկել եմ, որպեսզի սգո երգեր երգեմ, որպեսզի վերջապես սգանք։ Այդ կազմակերպիչները, որոնք ճղում են իմ պաստառները կամ կազմակերպում են և ստատուսներ են գրում, խնդրում եմ ձեզ, իջեք Բազարի թաղ, այնտեղ ինչ-որ դիսկոտեկ կա, որ ամեն օր գմփգմփոց է, գնացեք այդ երիտասարդների հետ հանդիպեք, ասեք՝ կներեք, ի՞նչ է կատարվում։ Կյանքը շարունակվում է, այո՛, բայց նույն ձև չի շարունակվում, կյանքը շարունակվում է առանց 10.000 և ավելի երիտասարդների, առանց Շուշիի, առանց Արցախի 75%-ի․․․»,- ֆեյսբուքյան տիրույթում տարածված տեսանյութում ասաց Անդրեն։

Երգիչը ՀՀ իշխանություններին կոչ արեց զբաղվել իրենց գործով․

«Ի՞նչ գործ ունեք ինձ հետ, եկել չեք եկել՝ մսերս եք ծամում, քանի կար՝ 2018 թվականին սաղ պաստառներիս վրա կարմիր խաչեր էիք անում, բայց անգամ այդ ժամանակ չէիք կարողանում խոչընդոտել իմ համերգներին, որովհետև ես համերգներ տալիս էի լեփ-լեցուն դահլիճներում․ Արցախի համերգն անվճար է, հրապարակում է, մարդիկ գալու են ռեքվիեմներ լսեն, որոնք նվիրված են ազատամարտիկներին, որդեկորույս ծնողներին, Արցախին, հայրենիքին, այդ օրը ես չեմ երգելու սիրո երգեր․․․»։

Անդրեն կոչով դիմեց նաև բոլոր այն մարդկանց, որոնք սոցցանցերում դեմ էին արտահայտվել այդ միջոցառմանը․

«Որպես արցախցի հայ՝ դու դեմ ես, ինչի՞ն ես դեմ, որ ես կատարեմ ռեքվիեմ նվիրված մեր զոհված զինվորների՞ն, թե՞ դեմ ես, որ ես երգեմ Արցախի հիմնը, որ այսօր մեր պետությունը չեն ուզում ճանաչել, ինչի՞ն ես դու դեմ։ Դու դեմ պիտի լինես դավաճաններին, դավաճաններին պետք է դեմ լինենք, այն մարդկանց, որոնք  մեղավոր են այս ամենի մեջ, իմ դեմքը մի պատռեք պաստառի, գնացեք իրենց դեմքերը պատռեք․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս