Ինչպիսի՞ ապագա եք տեսնում Հայաստանում․ հարցում Երևանում
Իշխող կուսակցությունը ընտրություններից առաջ վստահեցնում էր՝ «ապագա կա»: 168.am-ը մեր համաքաղաքացիներից հարցրել է, թե ինչպիսի՞ ապագա են տեսնում Հայաստանում, և կա՞ արդյոք իրենց համար այստեղ ապագա:
«Եթե չպատկերացնենք, որ այստեղ ապագա կա, ավելի դժվար կլինի ապրել, գուցե այդքան մոտ չէ դա, բայց հույսով եմ, որ կլինի»,- ասաց անցորդներից մեկը:
«Այո, կա, լավ եմ պատկերացնում մեր ապագան, եթե լավի մասին չմտածենք, ոչ մի բան լավ չի լինի»,- ասաց մի քաղաքացի:
«Ես ապագա չեմ տեսնում, զրո է ինձ համար»,- ասաց մի երիտասարդ կին:
«Իհարկե, տեսնում եմ, շատ լավ ապագա եմ պատկերացնում»,- ասաց մի անցորդ:
«Չէ, լավ բան չեմ տեսնում: Չեմ աշխատում, թոշակ չեմ ստանում, աշխատանքի չեն ընդունում, ասում են՝ տարիքդ էն չի, չես կարող գործ անել, խի՞ չեմ կարող, ընդունեք, տեսեք՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ, նպաստ չեմ ստանում»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Դժվար հարց եք տալիս, ես Հայաստանը շատ սիրում եմ, գրեթե 20 տարի է՝ դրսում եմ ապրում, 2 տարին մեկ կամ ամեն տարի գալիս եմ, որ ապագա չտեսնեմ, չեմ գա, մեծ ապագա եմ տեսնում: Տղաս 16 տարեկանից մենակ է գալիս Հայաստան, այդքան վստահություն ունեմ, որ Հայաստանում ոչինչ իրեն չի լինի: Բոլորս պետք է հույսով լինենք, որ մի օր լավ ապագա այստեղ կգտնենք: Դրսում ապրող բոլոր մարդիկ էլ վերադառնալու ցանկություն ունեն, բայց երբ 20 տարի այնտեղ ես լինում, դժվար է, ամուսինս ասում է՝ երբ գնանք թոշակի, կգնանք Հայաստանում կապրենք: Չգիտենք՝ ինչ կլինի վաղը, հնարավոր է, ես շատ կուզեի երեխաներս գային այստեղ ապրեին, իրենք էլ են ուզում, ուղղակի պետք է այս լարված իրավիճակը մի քիչ դադարի, որ ավելի վստահություն ունենանք»,- ասաց Ֆրանսիայից Հայաստան հանգստանալու եկած մի քաղաքացի:
«Իմ աղջկա համար չեմ տեսնում, ոչ թե մեր երկրի ղեկավարի հետ կապված, այլ կոնկրետ իրենց ղեկավարի: Եթե աշխատանք կա, քո երկրից լավ տեղ չկա, բայց կցանկանայի, որ մեր ղեկավարությունը զբաղվեր խուլ-համրերի մինիստրությունով, խուլերով, որ վաճառում են էդ շենքը, ոչ մի բան չեն անում խուլերի համար, որոնցից մեկն էլ իմ աղջիկն է, տունը նստած արդեն դեպրեսիայի մեջ է»,- ասաց մի կին:
«Ահավոր վատ, ես ապագա չեմ տեսնում, բացարձակ ապագա չկա Հայաստանում, բառիս ամենալայն իմաստով՝ ապագա չկա»: