«ՔՊ-ի երիտասարդները այդքան բոլշևիկյան թույնը Դաշնակցության դեմ ո՞նց են կարողացել այս կարճ ժամանակում յուրացնել». Գեղամ Մանուկյան

«Երեկվա այդ ամբողջ ձգձգումը, քննարկումը իշխանության կողմից ուներ մեկ նպատակ՝ զիջումներ կորզել ընդդիմությունից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ Իշխան Սաղաթելյանի 2 անգամ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ չընտրվելու փաստին:

Պատգամավորի մեկնաբանությամբ՝ իշխանությունը ձգտում էր , որ  ընդդիմությունը խնդրեր, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ քվե ապահովեին, ինչը մերժել է ընդդիմությունը.

«Որևէ գործարք, որևէ համաձայնություն ընդդիմության կողմից չեղավ: Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը բացահայտեցին այն ամբողջ սխեման, որն իշխանությունը փորձում էր քվեարկություն առ քվեարկություն իրականացնել՝ մեկ փորձելով կասկած սերմանել ընդդիմադիր խմբակցությունների մեջ, մեկ փորձելով  ներկայացնել, որ հենց ընդդիմությունը չի քվեարկում Իշխան Սաղաթելյանին, բայց այդ ամբողջը հրապարակային ներկայացնելուց հետո և տեսնելուց հետո, որ ընդդիմությունը որևէ զիջման չի գնալու, ո՛չ Իշխան Սաղաթելյանի, ո՛չ «Հայաստան» խմբակցության համար գերնպատակ չէ ԱԺ փոխնախագահի պաշտոնն ունելալը, այլ դա սահմանադրական պահանջ է, ենթադրում եմ, որ դրանից հետո իշխանությունը գնաց նման զիջման և ինչ-որ քանակությամբ պատգամավորներ կողմ քվեարկեցին Իշխան Սաղաթելյանին»:

Անդրադառնալով հանձնաժողովների ընտրությանը, Գեղամ Մանուկյանն ասաց՝ եթե իշխանությունը չվերցնի Պաշտպանության հանձնաժողովը, ապա «Հայաստան» խմբակցությունն անպայման կվերցնի այն.

«Վստահաբար, եթե իշխանությունը առաջին փուլում չվերցնի Պաշտպանության հանձնաժողովը, վստահաբար Պաշտպանության հանձնաժողովը լինելու է մեր ընտրած հանձնաժողովների մեջ»:

«Հայաստան»  խմբակցության դաշնակցական պատգամավորը լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ նաև երեկ խորհրդարանում իշխանական պատգամավորների հնչեցրած հայտարարություններին, որոնցից մեկը վերաբերում էր,  մասնավորապես, Բաթումի պայմանագրին.

«Դե գիտեք՝ 132 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական ուժին կարող են 100 տարի առաջվա բան հիշեցնել, մեծամասամբ անգրագետ հիշեցնել: Երկու կամ երեք տարվա քաղաքական կյանք ունեցած Քաղպայմանագիրն իր մասին ի՞նչ հիշեցնի: Քաղպայմանագրում երիտասարդ են, Սովետական Միության շրջանում չեն ապրել, բոլշևիկյան դաստիարակություն չեն ստացել, բայց այդքան բոլշևիկյան թույնը Դաշնակցության դեմ ո՞նց են կարողացել այս կարճ ժամանակում յուրացնել, դա ուղղակի զարմանալի է…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս