«44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կգլխավորի իշխանությունը». Հայկ Կոնջորյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը՝ ասաց, որ քանի որ երրորդ փոխխոսնակի իրավունքը պատկանում է ընդդիմությանը, իրենք չեն խոչընդոտելու այդ կարգավորումները և կապահովեն մինիմալ ձայների քանակ, որպեսզի ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանն ընտրվի:
Անդրառնալով ԱԺ երրորդ փոխխոսնակի թեկնածուի քվեարկության 1-ին փորձին, որի արդյունքում ընդամենը 1 ձայնի տարբերությամբ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ, (53 կողմ, 50 դեմ, 1 անվավեր), Կոնջորյանը վստահեցրեց, որ իշխանության ներկայացուցիչները բավարար ձայն են ապահովել, և խնդիրն ընդդիմության ներսում է.
«Եթե ընդդիմությունը դեմ չքվեարկի սեփական թեկնածուին, ապա կլինի 55 կողմ ձայն, մեր տպավորությամբ՝ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ իրենց իսկ թեկնածուի մասով, եթե իրենք կհասկանան, որ այդ տարաձայնություններն անհաղթահարելի են, ապա թող դիմեն, և մենք ելնելով կառուցողական դիրքերից՝ կապահովենք նաև այն քանակի ձայներ, որպեսզի Սահմանադրության կարգավորումներն աշխատեն»:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին՝ Հայկ Կոնջորյանն ասաց, որ այդ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է իշխանությանը, և այդ հանձնաժողովը կղեկավարի իշխանությունը.
«ՀՀ ժողովուրդը քվեարկության արդյունքներով մեզ տվել է մանդատ՝ ձևավորելու քաղաքական մեծամասնություն, և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը կգլխավորի քննիչ հանձնաժողովը…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում