«Արդյո՞ք Փաշինյանը սեպտեմբերի 25-ին արդեն գիտեր, որ 2 օր հետո պատերազմ է լինելու». Իշխան Սաղաթելյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրառառնալով ԱԺ հանձնաժողովների ձևավորմանը, կարևոր համարեց Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը, որի նախագահ կլինի ընդդիմության ներկայացուցիչը, այլապես այդ հանձնաժողովի գործունեությունն արդյունավետ չի լինի:
«Չի կարող իշխանության կողմից ստեղծվի հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը… Մենք գտնում ենք, որ այդ հանձնաժողովը պետք է լինի լիարժեք անկախ, ինքնուրույն, որպեսզի իրականացնի համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն, հակառակ պարագայում դա կլինի հերթական ձևական քայլը…»,- ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ այդ հանձնաժողովի ստեղծման գաղափարն իրենք ավելի վաղ են հնչեցրել, քան իշխանությունները:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովը բազմաթիվ հարցերի պատասխան է տալու, ընդ որում, ոչ միայն պատերազմի շրջանում կատարված, այլև դրանից առաջ.
«Մենք մեծապես կարևորում ենք, թե ի՞նչ կարող էր անել իշխանությունն այդ պատերազմը կանխելու համար, որ չի կանխել, արդյոք կանխատեսո՞ւմ էին պատերազմ, թե՞ ոչ, եթե կանխատեսում էին, ապա ինչո՞ւ չէին պատրաստվում: Մի բան հիշեցնեմ, որքան գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի էր և այդ հարցազրույցի անոնսից հետո հարցազրույցը եթեր չգնաց: Արդյո՞ք ինքն այդ օրը գիտեր, որ 2 օր հետո լինելու է պատերազմ, շատ կոնկրետ հարց եմ տալիս: Ինչո՞ւ այդ հարցազրույցը եթեր չգնաց, որովհետև ինքն այդտեղ պետք է խոսեր՝ համենայն դեպս, հարցազրույցի անոնսի մեջ կար, որ պետք է խոսեր հայ-ադրբեջանական հարաբերություններից ու պատասխաներ Ալիևին: Շատ կարևոր հարցադրում՝ արդյո՞ք ինքը սեպտեմբերի 25-ի երեկոյան արդեն գիտեր, որ 2 օր հետո պատերազմ է լինելու, ու նման բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունը պետք է տա: Մենք համարում ենք, որ այս պատերազմի արդյունքների մեղավորը և պատասխանատուն այսօրվա իշխանությունն է…»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկո՞ւմ եք խորհրդարանի ձեր աշխատանքները, թե՞ ոչ, Իշխան Սաղաթելյանը դրական պատասխան տվեց:
«Այո, մեր աշխատանքների հետ կապված պարբերաբար քննարկումներ ունենում ենք ոչ միայն խորհրդարանում, այլև խորհրդարանից դուրս…»,- ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը նորմալ է գնահատում խորհրդարանում իրենց աշխատանքը, և, որ իրենք առաջնորդվում են իրենց օրակարգով, այլ ոչ թե իշխանության: