Չեմ պատվաստվել, չեմ էլ պատրաստվում. ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները պատվաստումների մասին

Հայաստանում պատվաստումների թվերը գոհացուցիչ չեն: Առողջապահության նախարարության օգոստոսի 1-ի տվյալներով՝ 2020-ի դեկտեմբերից, այսինքն, երբ հանրապետությունում  սկսեցին առաջին պատվաստումները, կատարվել է 171.890 պատվաստում, այդ թվում՝ օտարերկրացիների: 168.am-ը շրջել է Երևանում՝ պարզելու, թե պատրաստվո՞ւմ են պատվաստվել մեր համաքաղաքացիները:

«Պատվաստված չեմ, չգիտեմ՝ կպատվաստվե՞մ, թե՞ ոչ: Բոլորն էլ կարծես չեն ուզում պատվաստվել»,- ասաց անցորդներից մեկը:

«Պատվաստված չեմ, դեռ մտածում եմ, չեմ կողմնորոշվում: Քանի որ պատվաստանյութերի մասին ինֆորմացիան շատ տարբեր է, ուզում եմ ճշտումներ անել, հետո»,- ասաց մի քաղաքացի:

«Ոչ, չենք պատվաստվել, դեռ չենք էլ պատրաստվում: Չեմ ուսումնասիրել, նախընտրելի պատվաստանյութ չունեմ»,- ասաց մի երիտասարդ կին:

«Ես պատվաստվել եմ Փարիզում, այնտեղ եմ ապրում: Մեզ մոտ կարող ես ընտրել 4 պատվաստանյութերից: Ես ընտրել եմ Moderna-ն, լսելով, որ ամենալավերից է և արտադրվել է հայի կողմից, ինձ համար ավելի վստահելի էր: Ես մեկ անգամ եմ պատվաստվել, քանի որ նրանք, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով, նրանց համար մեկ անգամը բավական է, արդեն ունեն հակամարմիններ, ես մարտին 5000-ից բարձր հակամարմին եմ ունեցել, բժիշկն ասաց, որ մեկ չափաբաժինը բավարար է: Համարյա ոչ մի հետևանք չի ունեցել, միայն մի փոքր թևս էր ցավում»,- ասաց մի անցորդ:

«Չեմ պատվաստվել, ոչ էլ պատրաստվում եմ»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Չեմ պատվաստվել, չեմ էլ պատրաստվում, չեմ էլ ուզում: Ես չեմ վստահում, հետո նաև ալերգիկ եմ, ինձ անգամ չի կարելի: Պատվաստանյութերը չեմ ուսումնասիրել»,- ասաց մի կին:

«Չեմ պատվաստվել, նոր եմ առողջացել կորոնավիրուսից, առայժմ չեմ պատրաստվում»,- ասաց անցորդներից մեկը:

«Այո, բայց չգիտեմ՝ ո՞ր պատվաստանյութով եմ պատվաստվել: Մենք Հադրութից ենք, մեզ տարան պատվաստվելու: Ոչ մի հետևանք չի ունեցել, մենք էլ այդ վիրուսը չենք վարակվել»,- ասաց մի կին:

«Չեմ պատվաստվել, մտածում եմ: Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, չեմ կողմնորոշվում: Ես մինչև հիմա չեմ հիվանդացել, պաշտպանիչ միջոցներ եմ օգտագործել, իմաստը չեմ տեսնում պատվաստվելու»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ես պատվաստվել եմ: Ռուսաստանից եմ եկել, Sputnik V եմ պատվաստվել, սկզբում ջերմություն եղել է, բայց անցել է, ես գոհ եմ»,- ասաց մի անցորդ:

«Ես չեմ պատվաստվել, չեմ էլ պատրաստվում»,- ասաց մի քաղաքացի:

«Դեռ չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ սխալ պատվաստվելը: Դեռ չեմ վստահում, ապահովություն չեմ զգում»,- ասաց մի տղամարդ:

Տեսանյութեր

Լրահոս