«Չեն եղել խնդիրներ, որոնց պատճառով է ազատումը եղել». Զարուհի Բաթոյանը՝ նախարարի պաշտոնից ազատվելու և պատգամավոր ընտրվելու մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած, ապա ինչ-ինչ պատճառներով այդ պաշտոններից ազատված գործիչներն այսօր կրկին կա՛մ պատգամավորներ են, կա՛մ այլ բարձր պաշտոնների են նշանակվել.

«Բոլոր այն նախարարները, որոնք պաշտոնավարել են և այսօր չեն պաշտոնավարում կամ ԱԺ պատգամավորի մանդատ են ստացել, «Քաղաքացիական պայմանագիր» թիմի անդամներ են, մեծ մասը վարչության անդամներ են, և ոչ մի զարմանալի կամ տարօրինակ բան չեմ տեսնում, որ քաղաքական գործունեության ընթացքում կառավարության կամ Ազգային ժողովի մաս են կազմում»:

Բաթոյանի խոսքով՝ նախարարի պաշտոնից ազատվելն ընդհանուր որոշման արդյունք է եղել, իսկ թե կոնկրետ ի՞նչ թերացման համար ազատվեց նախարարի պաշտոնից՝ ասաց.

«Չեմ կարող մեկնաբանել, որովհետև չկան կոնկրետ խնդիրներ, չեն եղել խնդիրներ, որոնց պատճառով է ազատումը եղել, որովհետև այդ դեպքում ավելի վաղ կլիներ, դա պայմանավորված էր քաղաքական վիճակով»:

Անդրադառնալով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակած 266 էջանոց զեկույցին, ըստ որի՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 31-ը Աշխատանքի և սեցիալական հարցերի նախարարությունում հայտնաբերվել են խոշոր չափերի խախտումներ (պետական ծրագրով լսողական սարքեր են ձեռք բերվել, ու հայտնաբերվել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչև 2019 թվականը լքած են եղել հանրապետությունը: Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզավորման վճարները 59.000 դրամով ավելի են եղել, քան նախատեսված է եղել)՝ Զարուհի Բաթոյանն ասաց.

«Միլիոնավոր գումարների մասին չեմ կարող պնդել, որ այդպես է, որովհետև ըստ քննության, եթե այդպիսի խնդիր կար՝ պետք է ուղարկվեր Դատախազությանը, որքանով տեղյակ եմ՝ որևէ գործ չի հարուցվել… Դեռ որևէ հետևանք՝ արդյունք, չկա, բայց ուզում եմ նշել, եթե խախտումներ կլինեն՝ բնականաբար, պետք է պատասխան տան բոլոր այն անձինք, որոնք առնչվել են այդ խախտումներին…»:

Անդրադառնալով ՀՀ տարածքում թշնամու տեղակայման փաստին և դրա ֆոնին իշխանությունների խոստացած՝ «Ապագա կա» խոստմանը, Բաթոյանից հետաքրքրվեցինք, թե ա՞յս ապագան էին խոստացել ժողովրդին.

«ՀՀ քաղաքացին իր գնահատականը տվել է իր քվեով՝ վստահելով մեզ և վստահելով այդ կարգախոսին, իսկ ինչ վերաբերում է այն ծանր, դժվարին իրավիճակին և մարտահրավերներին, որոնք այսօր ունենք, բնականաբար, դրանք միայն մեկ քաղաքական ուժի կողմից արագ և հեշտ լուծվելիք հարցեր չեն… Այսօր մեր ամենակարևոր խնդիրն է՝ լուծել նաև այդ մարտահրավերը, բայց մենք, բնականաբար, այս մարտահրավերը պետք է լուծենք համախմբման միջոցով, ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ՝ տարբեր արտախորհրդարանական և հասարակության համախմբման միջոցով: Իհարկե, ապագա կա և լինելու է»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ Արցախյան պատերազմի ավարտից օրեր անց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հունվարի 19-ին:

Տեսանյութեր

Լրահոս