«Աշխարհում կա մինչև 200 երկիր, բոլորն էլ իրենց սահմանները սահմանազատել, սահմանագծել են, սկսել են դասական առումով հարևանը հարևանի հետ ապրել». Խաչատուր Սուքիասյան

«Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում, պատկերացնում էի՝ մի քիչ ավելի համագործակցային մթնոլորտ կլինի, բայց քաղաքական որոշման խնդիր է, որոշել են այս ձևով շարժվեն առաջ, մենք ընդունում ենք այդ որոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Անդրադառնալով  ԱԺ-ում լրագրողների համար այսօրվանից գործող սահմանափակումներին, իշխանական պատգամավորն ասաց, որ ցանկացած լրագրող ցանկացած ժամանակ հարց ուղղելու իրավունք պետք է ունենա:

«Դա ապահովում է մեր զարգացումը, ապահովում է թափանցիկություն, ապահովում է խնդիրների բացահայտում, խնդիրների շուրջ քննարկում, տեսակետների արտահայտում, որը շատ օգուտ է մեր երկրին…»,- ասաց Սուքիասյանը, ապա հավելեց, որ ինքը ցանկացած պահի պատրաստ է շփվել և պատասխանել ցանկացած հարցի:

Այս սահմանափակումների ֆոնին անդրադառնալով 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած սպանություններին, իշխանական պատգամավորն ասաց.

«Եթե հոկտեմբերի 27-ին այսպիսի խստացված մթնոլորտում լիներ, մենք այդ կորուստները չէինք ունենա, ՀՀ-ն այդքան հետ չէր ընկնի։ Ինչ-որ կատարվեց 1999 թվականին, ես այստեղ եմ եղել, ես ամեն ինչ տեսել եմ»:

Անդրադառնալով ՀՀ սահմանին տիրող իրավիճակին, Խաչատուր Սուքիասյանն ասաց.

«Իհարկե, լարված կլինի, իհարկե, սադրանքներ կլինեն, իհարկե, մենք պատրաստ լինենք և շատ հանգիստ, շատ սառնասրտորեն այդ ամեն ինչը կառավարենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր Հայաստանի սահմաններն այնպես, ինչպես մենք կարծում և պատկերացնում ենք՝ ամենաանվտանգային բոլոր գործիքները կիրառելով»:

Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ տեղյակ չէ, թե սահմանային իրավիճակի մասին վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունում ինչ է քննարկվել.

«Մամուլից եմ տեղեկացված եղել, թե ինչ կարգի առաջարկներ կան, մենք մեր ռազմավարական գործընկերների հետ այդպիսի առաջարկ ունենք մեր կողմից, ռազմավարական գործընկերների հետ, կարծում եմ, պատկան մարմինները կանցկացնեն բանակցութուններ, քննարկումներ, որի արդյունքում, կարծում եմ՝ այդ խնդիրները կլուծվեն…»:

Հարցին՝ արդյոք թիմի ներսում նոր տարածքներ զիջելու մասին քննարկումներ եղե՞լ են, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց.

«Ո՛չ, այդպիսի բան ես չեմ լսել և ես չեմ կարծում, որ այդպիսի խնդիր կա: Տարածքները զիջել ի՞նչ է նշանակում, եթե խոսք է գնում սահմանազատման և սահմանագծման, դրանց դասական տարբերակները կան աշխարհում, շատ երկրներ արել են, աշխարհում կա մինչև 200 երկիր, բոլորն էլ իրենց սահմանները սահմանազատել են, սահմանագծել են, դրանից հետո սկսել են դասական առումով հարևանը հարևանի հետ ապրել»:

Տեսանյութեր

Լրահոս