«Խախտվում է Սահմանադրության պահանջը, մեր ընկերներն արդեն ընտրված պատգամավորներ են, իրենք պետք է լինեին այս դահլիճում». Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն ինքն է:

Դիտարկմանը՝ եթե իշխանությունները չընտրեն իրեն, Սաղաթելյանը պատասխանեց, որ դա իրեն ընդհանրապես չի մտահոգի.

Լրագրողներն ընդդիմադիր պատգամավորից նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ գործողություններ են պատրաստվում իրականացնել, եթե իրենց դաշինքի կալանավորված պատգամավորներին ազատ չարձակեն.

«Սա քաղաքական պրոցես է, երբ որ պետք լինի՝ գալու ենք, երբ պետք լինի՝ բոյկոտելու ենք, փորձելու ենք մեր օրակարգերն առաջ մղել»:

Հարցին՝ իշխանական պատգամավորներին ձեզ թշնամի համարո՞ւմ եք, Սաղաթելյանը բացասական պատասխան տվեց.

«Չէ, թշնամի չեմ համարում… Մենք ՀՀ 270.000 քաղաքացիների անունից ստացել ենք մանդատ, եկել ենք այս խորհրդարան մեր պայքարը շարունակելու: Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի իրական ապագայի: Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, ինչ ասել եմ անցնող 8 ամսվա ընթացքում՝ փողոցում, պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել այս ամբիոնում, մեր օրակարգը նույնն է, քանի որ երկրի առաջ կանգնած մարտահրավերները նույնն են և երկրում ստեղծված համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր պայքարը շարունակվում է…»:

Անդրադառնալով Սյունիքի մարզի կալանավորված համայնքապետերին, որոնցից 2-ն այս խորհրդարանի ընտրված պատգամավորներ են, Սաղաթելյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ նրանք քաղբանտարկյալներ են.

«Այս պահին խախտվում է Սահմանադրության պահանջը, մեր ընկերներն արդեն ընտրված պատգամավորներ են, խախտված է իրենց ընտրելու և ընտրվելու իրավունքը, իրենք պետք է լինեին այս դահլիճում…»:

Տեսանյութեր

Լրահոս