
Մակրոնը խոսել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում հավասարության խաթարման մասին

Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հավասար իրավունքների տեսանկյունից հանգեցրել է հետընթացի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված ֆորումի ժամանակ:
Նա ընդգծել է, որ համավարակի ժամանակ ավելացել են կանանց նկատմամբ բռնության դեպքերը: «Հաճախ ասում են, որ կորոնավիրուսը հակասոցիալական վիրուս է, քանի որ այն ամենից շատ վնասում է ավելի թույլերին, սակայն այն նաև հակաֆեմինիստական է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
«Հավասարության սերունդ» խորագիրը կրող համաժողովին մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլեն, տեսակապի միջոցով՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և այլոք: