«Երաշխիքն ենք ուզում պետությունից… երաշխիք, ոչ թե հույս». բեռնափոխադրող

Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ այսօր ակցիա անող բեռնափոխադրողները պահանջում էին 3 ամիս առաջ ՊԵԿ ներկայացրած իրենց դիմումին դրական պատասխան:

Բեռնափոխադրող Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ դրական պատասխանը ՊԵԿ երաշխիքն է՝ Մեղրիում սեփական մաքսատունը կառուցելու համար: Հայաստանի 100-ից ավելի բեռնափոխադրող պատրաստ են տարածք դնել, կառուցել բեռների տեղափոխման տերմինալ, որտեղ նաև կլինի հարկային կոմիտեի աշխատակից:

«Մենք ուզում ենք, որ հայկական բեռնափոխադրողն աշխատի: Բոլոր բեռները գալիս ա Դուբայից, Չինաստանից՝ կանտեյներներով՝ դեպի Իրան, Բանդեր Աբասը իրանց սահմանն  ա, պորտն ա, որով տեղափոխում ա պարսկական բեռնափոխադրողը դեպի Հայաստան, դեպի Երևան: Էսօր ուզում ենք մենք հայերով աշխատենք: Շանս ենք ուզում մեր կառավարությունից, որ մեր դիմումներին պատասխան տա, որ սկսենք մենք աշխատելը, տուն պահենք:

Էսօր պարսիկներն են գալիս, ճանապարհին ահագին փորձանքների են գալիս, որովհետև մեր բնակլիմայական, մեր ճանապարհային պայմաններին ընդհանրապես ծանոթ չեն, խոչընդոտներ են ստեղծում մեր բոլոր վարորդների համար…

Պետք ա իրանք մեզ գարանտիա տան, երաշխիքներ տան, որ էսօր-էգուց չենք կորցնի մեր ներդրումները, մեր հողը, որ կարանք առնենք, դառնա տերմինալ, չենք կորցնի: Էդ երաշխիքն ենք ուզում պետությունից, կառավարությունից…

Էսօր ամեն ինչ խոսում են, միջանցք են խոսում, ինչ են խոսում: Էսօր օրենքը մեզ թույլ ա տալիս, որ տամոժնուց մի կիլոմետր հեռավորության վրա դա պետք ա լինի: Երաշխիք տան, երաշխիք, ոչ թե հույս»,- ՊԵԿ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Ղազարյանը:

Բեռնափոխադրողի խոսքով՝ այժմ այդ գործունեությունն իրականացնում են պարսկական բեռնափոխադրողները, շահույթն էլ նրանցն է:

«Մենք գնում ենք, օրերով-շաբաթներով սպասում ենք Ագարակի տամոժնիում, ինչ ա մեկը մեզ մի հատ բեռ տա, աշխատենք: Մենք ուզում ենք գոնե 50-50 կամ 30%-ը մեզ տրամադրեն, որ մենք կարողանանք աշխատել: Շատ ա, ահռելի ա քանակը: Դուբայից գալիս ա, Չինաստանից գալիս ա, Հնդկաստանից գալիս ա, բոլորը՝ նավով: Բերենք, մենք Ագարակից տեղափոխենք Երևան…

Իրանք միայն ուրախ կլինեն, որ էս ճանապարհներով չքշեն: Մենք ճարահատյալ քշում ենք: Ճանապարհ չկա, ոչ ասֆալտ կա, ոչ մի բան չկա: Մենք ենք, որ մեր ավտոները ջարդելով, մեր բյուջեին կպնելով, փորձանքի միջոց անցնելով՝ գալիս, հասնում ենք տեղ»,- ասաց Էդուարդ Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս