6-րդ վարչության աշխատակիցներն առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայաստան» դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են։
Այս անգամ թիրախավորել են դաշինքի անդամ, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանին։
6-րդ վարչության աշխատակիցներն առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, համայնքապետարանի կողմից աճուրդով օտարված հողամասերին։ Հասկանալով, որ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված պատասխաններ, և աճուրդներն իրականացվել են օրինական, 6-րդ վարչության աշխատակիցները հարցաքննության են հրավիրել աճուրդով հող գնած քաղաքացիներից մեկին, ստորագրման ներկայացրել ցուցմունք, որի վերջին մասը ցուցմունք տվողի կողմից չի թելադրվել, և երբ վերջինս հրաժարվել է ստորագրել կեղծված հարցաքննության տակ, մեկ և ավել անգամ ապտակել են նրան։
Դեպքի մասին ահազանգվել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանին։
Մ․ Զաքարյանի աշխատանքին հարկ չեմ էլ համարում անդրադառնալ, դրանց հաստատուն գնահատականը տրվել է վերջինիս հետ առնչություն ունեցած ցանկացած իրավագիտակից անձի կողմից:
Մղումները պարզ են, նպատակը՝ նույնպես․ չի ստացվելու, զուր են փորձերը։