ԵԽ-ն չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն
Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Փաստացի, առանց դրա ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Հիմա, երբ ԵՄ կառավարության` Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:
«Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի վաղվանից այդ ցանկում կլինեն մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա:
Վրաստանն, օրինակ, անցած տարի հուլիսին առաջիններից մեկն էր ներառվել «կանաչ» երկրների ցանկում, սակայն, ամիսներ անց` համաճարակի երկրորդ ալիքից հետո, դուրս մնաց ցանկից: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվանից ԵՄ անդամ պետությունները կհայտարարեն` ցանկում ներառված որ երկրի համար, երբվանից և ինչպես են բացում սահմանները:
Ցանկացած որոշման դեպքում Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հետևել հակահամաճարակային ընդհանուր պահանջներին` կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով: