ԱՄՆ-ը հերքել է դեպի Ղրիմ ամերիկյան էսկադրային ականակրի շարժվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները
Ամերիկյան USS Ross հրթիռային էսկադրային ականակիրը, որը մասնակցում է Sea Breeze 2021 զորավարժություններին, չի շարժվում Ղրիմի կողմը եւ գտնվում է Օդեսայի նավահանգստում: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը։
«Չնայած վերջերս հայտնված հաղորդագրություններին, USS Ross 1սկադրային ականակիրը դեռ 30 րոպե առաջ գտնվել է եւ տեսանելի ապագայում գտնվելու է Օդեսայի նավահանգստում (Ուկրաինա)` Sea Breeze զորավարժություններին աջակցելու համար»,-ասվում 1 ամերիկյան նավատորմի հաղորդագրության մեջ, որը զետեղված է զորաշարժերի պաշտոնական Twitter-ում:
Ավելի վաղ Համացանցում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ էսկադրային ականակիրը, որը կարող է կրել մինչեւ 56 Tomahawk թեւավոր հրթիռներ, իբր սկսել է շարժվել Ղրիմի ուղղությամբ: Հունիսի 28-ին Սեւ ծովի ջրատարածքում մեկնարկել են Sea Breeze 2021 խոշոր ռազմածովային զորավարժությունները՝ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի երկրների զորքերի մասնակցությամբ:
Դրանցում գործի են դրվել 32 մարտական նավեր, 40 ինքնաթիռներ, 5 հազար զինծառայողներ եւ հատուկ նշանակության ու ջրասուզական 18 ջոկատներ՝ ՆԱՏՕ-ի անդամ 17 երկրներից, ինչպես նաեւ դաշինքի գործընկեր երկրներից:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները ուշադիր հետեւում են Sea Breeze զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանը, «եւ անհրաժեշտության դեպքում՝ համարժեք կերպով արձագանքում ստեղծված իրադրությանը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության ապահովման»:
Ինչպես հաղորդվել է, USS Ross էսկադրային ականակիրը Սեւ ծով էր մտել հունիսի 26-ին: «USS Ross-ի մասնակցությունը Sea Breeze ծովային զորավարժություններին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցելու իրական ցուցադրություն է, որն այսօր անհրաժեշտ է ինչպես երբեք»,-հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր համատարմատար Քրիստինա Քվինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: