Բաժիններ՝

«Ջրի կորուստ է լինում մինչև դաշտեր հասնելը, քանի որ ջրատարները մաշված, քայքայված են, և որոշ տեղերում ջրի կորուստը կազմում է մինչև 80 տոկոս»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ հունիսի 29-ին տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրները: Մասնավորապես ընդգծվել է, որ ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով:

«Գլոբալ առումով պետք է արձանագրենք` կլիմայական այս փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության, որ, եթե շատ չոր ձևակերպենք, ավանդական ոռոգումը, որպես այդպիսին, ապագա չունի։ Մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի կաթիլային ոռոգման և նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը և այն, ինչ խոստացել ենք նախընտրական շրջանում, պետք է այդ ծրագիրը շատ արագ ներդնենք։ Հապաղելու և հետաձգելու ժամանակ չկա։ Մենք արձանագրել ենք նաև ջրամբարների կառուցման ու ջրի ծավալների ամբարման մեծացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետների խոսքով՝ կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող հատապտուղների, բանջարեղենի և խաղողի այգիներում, իսկ պտղատու այգիների պարագայում պարտադիր պայման պետք է լինի ցածրաճ, պատվաստված տնկանյութով հիմնադրվող այգիներում կաթիլային ոռոգման կազմակերպումը։ Համակարգը կիրառելի կլինի նաև շարահերկ մշակաբույսերի ցանքատարածություններում, հատկապես ձմերուկի դաշտերում։ Կարևոր է նաև էլեկտրամատակարարման խնդիրը, որովհետև այգետարածքներում կա էլեկտրամատակարարման լուրջ խնդիր, էլեկտրագծեր քաշված չեն, հետևաբար՝ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար պետք է իրագործել համալիր միջոցառումներ՝ ընդհանուր շղթայի տարբեր օղակների միջև ներդաշնակություն ապահովելու համար։

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը, սակայն, կարծում է, որ կաթիլային ոռոգման համակարգը հարցի լուծում չէ:

«Եթե դիտարկենք ոռոգման ջրի հոսքի շղթան, ապա մինչ կաթիլային ոռոգման մասին խոսելը, հարկ է նշել, որ ջրի կորուստ է լինում մինչև դաշտեր հասնելը, քանի որ ջրատարները մաշված, քայքայված են, և որոշ տեղերում ջրի կորուստը կազմում է մինչև 80 տոկոս: Սա ահռելի մեծ թիվ է: Այսօրվա կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում պարգևավճարների վրա՝ անուշադրության մատնելով ոռոգման համակարգի վիճակը: Թե նոր տեխնոլոգիաներ ասելով՝ ինքն ի՞նչ նկատի ունի, չգիտենք: Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» մեծ դրամաշնորհային ծրագրով Հայաստանի որոշ տարածքներում, օրինակ, Արարատի մարզում, կարգավորեցին ջրատարները, ջրամատակարարման ցանցը, բայց դա հիմնականում ծառայեց որոշ օլիգարխների այգիները և հողատարածքները ջրելուն, իսկ նախատեսված մեծ գումարի դիմաց իրականացվեց քիչ ներդրում: Հարկավոր է մոնտաժել ջրատարների նոր խողովակաշարերը, կիրառել անձրևացման նոր համակարգեր»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը հիշեց՝ 2016 թվականին իր մոտ, որպես ՀՀ Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահի՝ գնացել է մի մարդ և ասել է, որ իր ծանոթները Իսրայելից եկել էին և առաջարկում էին Հայաստանում ոռոգման նոր, ժամանակակից համակարգ տեղադրել, սակայն ապշել էին, երբ սկզբից հայաստանյան կողմն իրենց «փայն» էր ուզել:

«Այդ ժամանակ Հայաստանում խառը ժամանակներ էին: Զգում էինք, որ երկրում իշխանափոխություն է լինելու: Ես նրան խորհուրդ տվեցի սպասել նոր իշխանությունների գալուն: 2018թ. իշխանափոխությունից ոգևորված՝ որոշեցինք մեր մասնագիտական օգնությունը և փորձը ի նպաստ դնել նոր իշխանություններին, բայց զարմացանք, երբ վարչապետը չպատասխանեց իմ նամակին։ Դրա համար հիմա ունենք այն, ինչ ունենք: Կարծում եմ, ոռոգումից պետք է միայն խոսի ոռոգման մասնագետը, այլ ոչ թե երկրի վարչապետը:Կարևոր է նաև գյուղացիներին տրվող մասում ջրի հաշվիչներ տեղադրելը»,- նշեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս