Բաժիններ՝

Արամ Ա Կաթողիկոսն ու Հռոմի պապը Վատիկանում ելույթ կունենան հոգևոր պետերի հանդիպմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցության թեմայով հրապարակային արարողություն:

Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու կաթոլիկ աշխարհի քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև Ռայի պատրիարքը:

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը, մասնավորապես, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակից և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին:

Տվյալ հանդիպման կազմակերպման գործում մեծ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի դերակատարումը, ով երկու ամիս առաջ նամակ էր հղել Հռոմի պապին, ինչը լայնորեն լուսաբանվեց թե՛ լիբանանյան, թե՛ եվրոպական ու վատիկանյան լրատվամիջոցների կողմից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս