«Հերոսի կոչումը ես իրենից չեմ ստացել, ինչո՞ւ, արժանի չե՞մ, որ հրաժարվեմ». Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և ՊՆ-ում հանձնաժողով ստեղծելու մասին

Նախընտրական քարոզարշավի առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր մարզերում և ապագայի ծրագրերը ներկայացնելու փոխարեն՝ խոսում նախկին իշխանություններից, Արցախի 44-օրյա պատերազմից, դրա մեղավորներից և այլն, հիշեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ  Տիրան Խաչատրյանին։

«Երբ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հերոսի կոչում, որովհետև ինքն այնտեղ հիմա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հակագրոհ կազմակերպի և այլն, դա պետք է քաջալերվի, ես չեմ էլ քննարկել։ Ասել եմ, որ եթե այսօր պետք է դա արվի, որպեսզի ռազմի դաշտում հաջողություններ գրանցենք, ես դա կանեմ։ Եվ այսօր Տիրան Խաչատրյանը, ասենք, վեր է կենում ու իմ հասցեին ամենավերջին բաներն է ասում։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ գնահատականին եմ արժանի, թող իրեն տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է և գտնում է, որ այն մարդը, որն իրեն հերոսի կոչում տալու որոշումը ստորագրել է և այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն՝ ինքը պետք է հրաժարվի այդ կոչումից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ը այս թեմայի և հարակից մի քանի հարցերի վերաբերյալ զրուցել է Տիրան Խաչատրյանի հետ։

– Պարոն խաչատրյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե արժանապատիվ սպա եք, ապա պետք է հրաժարվեք Ազգային հերոսի կոչումից, որի վերաբերյալ որոշումն ինքն է ստորագրել։ Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին։

– Նախ, հերոսի կոչումը ես իրենից չեմ ստացել, ինչու ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է, որ այդ կոչումը ես իրենից չեմ ստացել և առհասարակ չեմ ստացել։

– Դուք Ազգային հերոսի կոչումից հրաժարվելո՞ւ եք։

– Ինչո՞ւ, արժանի չե՞մ, որ հրաժարվեմ։

– Ես հարցնում եմ զուտ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստում։

– Ես դրա համար արդեն պատասխան եմ տվել։

– Պարոն Խաչատրյան, իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում են, որ պրոֆեսիոնալ բանակ են ուզում ստեղծել և դրան հասնելու համար կրճատելու են ժամկետային զինծառայության ժամկետները։ Որպես զինվորական՝ ինչպե՞ս եք այս ամենը հասկանում։

– Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ են ուզում անել, այդ իսկ պատճառով չեմ կարող մեկնաբանել։

– Իսկ առհասարակ, այսօր մեր բանակն ի՞նչ վիճակում է գտնվում։

– Ես այժմ ծառայության մեջ չեմ, այդ հարցին կարող էի այն ժամանակ պատասխանել, երբ բանակում էի, իսկ այժմ չեմ կարող մեկնաբանել, քանի որ, այսպես ասած, կողքից չեմ հետախուզում բանակը։

– Ինչպես կմեկնաբանեք իշխանությունների վերաբերմունքը մեր գեներալների, սպաների հանդեպ, ինչո՞ւ են այդպես նսեմացնում նրանց։

– Մենք ամեն ինչի մասին բազմիցս հայտարարություն ենք արել։ Ինչ վերաբերում է  պատերազմին, ապա թող անաչառ ուսումնասիրություն կատարեն, պարզեն, թե ով՝ ինչ չափով է մեղավոր եղել։

– Պաշտպանության նախարարությունն արդեն հանձնաժողով է ստեղծել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։

– Այո, հանձնաժողովը ստեղծված է եղել դեռևս նոյեմբերից։

– Ի՞նչ եք կարծում, այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները կարո՞ղ են անաչառ լինել, երբ կառավարման ղեկին այս իշխանությունն է։

– Ես չգիտեմ, ովքեր ընդգրկված կլինեն դրանում, և այն ինչ ուղղվածություն կունենա, այդ պատճառով էլ ոչինչ չեմ կարող ասել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և տեղեկացրել, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին կշնորհվի ՀՀ Ազգային հերոսի կոչում:

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- գրել էր Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս