Փելոսին ներկայացրել է Կապիտոլիումի մերձակայքում անկարգությունների հետաքննության բանաձևը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հատուկ կոմիտեի ձեւավորման վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել հունվարի 6-ին Կապիտոլիումի բլրում անկարգությունները հետաքննելու համար: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը։
Բանաձեւի նախագծի տեքստի համաձայն, կոմիտեի կազմի մեջ մտնում է 13 մարդ:
Փելոսին կնշանակի ութ մարդու, մնացած հինգը կընտրվեն Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քեւին Մաքքարթնիի հետ կոնսուլտացիաների ընթացքում:
Խոսնակը չի հայտնել, թե ում է պլանավորում նշանակել, սակայն, ինչպես հեռուստաալիքին պատմել է օգնականներից մեկը, նա լրջորեն քննարկում է հանրապետականի թեկնածությունը:
Սպասվում է, որ բանաձեւի տեքստի քվեարկությունը կանցկացվի հաջորդ շաբաթ, տեղեկացնում է հեռուստաալիքը:
Հունվարի 6-ին այն ժամանակ գործող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը:
Կոնգրեսի նիստը մի քանի ժամով ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է։ Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենտ է հայտնել խռովություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել է Թրամփին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: