Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը՝ մինչեւ նրանց պատգամավորի կարգավիճակի հստակեցումը։

«Դատարանը թող պարզաբանի՝ ինքը խնդիր է տեսնում քրեական հետապնդումն իրականացնելու՞, թե՞ ազատությունից զրկելու հետ կապված»,- դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։

«Մեզ պարզ չէ, թե մենք ինչ ենք քննարկում։ Պարզ չէ, թե ինչի համար փաստաբանից ստացաք այդ փաստաթղթերը։ Պարզ չէ, թե դրանք ինչի համար են պետք, որովհետև Սահմանադրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը դատարանի պահանջով ներկայացրել էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը եւ մանդատները բաժանելու մասին ԿԸՀ-ի որոշումը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանը տեսնում է քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված խնդիր և գտնում է, որ անհրաժեշտ է հաղթահարել անձի անձեռնմխելիությունը։ Աննա Դանիբեկյանը հստակեցրեց՝ տվյալ ընթացակարգն օրենքով հստակ նախատեսված չէ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում, սակայն գտնում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի դատարանը պետք է դիմի ԱԺ՝ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնությունը ստանալու նպատակով։

Մինչ այդ դատարանը պետք է պարզի ամբաստանյալներն արդյոք ձեռք են բերում պատգամավորի կարգավիճակ, թե ոչ։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ դատարանն այդպիսի համաձայնություն չի կարող ստանալ, որովհետև ինքը քրեական հետապնդում իրականացնող չէ. «Քրեական հետապնդում իրականացնելու համար անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ, հիմքեր առհասարակ չկան»։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն ամբաստանյալների կարգավիճակի հետ կապված հանգամանքները պարզելու անհրաժեշտությունից ելնելով գտնում է, որ դատական նիստը պետք է հետաձգվի։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 3-ին՝ նկատի ունենալով, որ այդ ընթացքում ՍԴ-ն կքննի ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները ու պարզ կլինի, թե արդյոք Ռ. Քոչարյանն ու Ա.Գեւորգյանը կվերցնեն մանդատները, թե ոչ։

Տեսանյութեր

Լրահոս